Խաթարվել է անհամատեղելիության պահանջի բուն էությունը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Ծառուկյանի գործունեության մասին

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ կազմով Հայկուհի Հարությունյանի, Լիլիթ Ալեքսանյանի, Արամայիս Փաշինյանի, Նարեկ Համբարձումյանի, քննության առնելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ N 03/2020 վարույթի նյութերը, եզրակացրել է, որ խախտվել են Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի պահանջները:

 

Տեղեկանում ենք հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից։

Հանձնաժողովը գրել է «Անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վարույթի շրջանակներում պարզված տեղեկությունների մասին», որոնք ստացվել են «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, տվյալների շտեմարաններից, վարույթի մասնակցից ստացված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում»։

Ի թիվս այլ հանգամանքների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստեր նշել է՝

.2017 թվականի մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի
միջև կնքվել է բաժնետոմսերի և բաժնեմասերի հավատարմագրային
կառավարման մասին պայմանագիր։

2020 թվականի հունիսի 23-ին կայացել է «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ընկերության մասնակիցներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ծառուկյանը։ Ընդհանուր ժողովը որոշել է Սեդրակ Առուստամյանին ազատել «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ գլխավոր տնօրենի պաշտոնից և գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։ Ժողովի արձանագրության տակ որպես ժողովի նախագահ ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։

2020 թվականի հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Մուլտի Ավտոտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը, որին մասնակցել են Գագիկ Կոլյայի Ծառուկյանը (բաժնեմասի չափը 90%) և Ջավահիր Ռաֆիկի Ծառուկյանը (բաժնեմասի չափը 10%): Ժողովը նախագահել է Գագիկ Ծառուկյանը, ով առաջարկել է Արթուր Ավետիսյանին ազատել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից և ընկերության գլխավոր տնօրեն նշանակել Հովհաննես Պողոսյանին։ Ժողովի արձանագրության տակ որպես ժողովի նախագահ ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։

«Սույն վարույթի շրջանակներում անձի գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ, թեև ձևական առումով՝ հավատարմագրային կառավարման հանձնելով առևտրային կազմակերպություններում իր բաժնեմասնակցությունը, օրենքի պահանջը պահպանվել է, այնուամենայնիվ, ընդհանուր գործունեությամբ պայմանավորված, խաթարվել է անհամատեղելիության պահանջի բուն էությունը»,- նշված է եզրակացության մեջ։

Քաղաքականություն