ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները հեռանում են Ամուլսարի տարածքից

Սադրիչ պահնորդները պիտի հեռանան։ Համայնքը զորավոր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում հայտնում է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները հեռանում են Ամուլսարի տարածքից: 

 

Ավելի վաղ ՀԲՃ-ն հայտնել էր, որ սույն թվականի հունիսի 30-ին բռնի գործողություններ հրահրելով  «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի տարածք բերեց նոր պահնորդական ընկերություն՝ «Հատուկ անվտանգության ծառայությանը», որի գործունեության օրինականության հետ կապված հարցերը վերջին երկու ամսում պարզ են դարձել ոլորտը կարգավորող մարմին՝ ՀՀ ոստիկանություն ուղարկված հարցումների արդյունքում։ 

Նախ, պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի, մինչդեռ Ամուլսարի տարածքում առաջին անգամ այս ընկերության ներկայացուցիչները հայտնվել են ինքնաձիգ զենքով, այնուհետև կրել են մահակներ։ Ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Ընկերության տնօրեն Ա․ Դանիելյանը հուլիսի 1-ին Թեհմինե Ենոքյանի՝ զենք կրելու հետ կապված հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։ Ակնհայտ է, որ ընկերության տնօրենը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել՝ իրենց վերագրելով ընկերության աշխատակիցների կողմից զենք կրելու որոշման իրավունքը, իսկ ողջ ընկերությունը պարզապես խախտել է իրեն տրամադրված պահնորդական լիցենզիայի պայմանները։ ՀՀ ոստիկանությունը դիմել է Թիկնապահական ու պահնորդական լիցենզավորման հանձնաժողովին՝ առաջարկով, որ կասեցվի «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ պահնորդական լիցենզիայի գործունեությունը։

Այնուհետև պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայության» 68 աշխատակիցներից միայն 18-ն ունի պահնորդական մասնագիտական որակավորում, մինչդեռ մնացած 50-ը նոր են սկսել նման դասընթացներ։ Այս մասին հայտնի է դարձել ԱԺ պատգամավորին ոստիկանության տված պատասխանից։ Հայտնի չէ, թե երբ են Ամուլսարում ագրեսիվ վարքագիծ դրսևորած աշխատակիցները սկսել պահնորդական դասընթացներ անցնել, սակայն փաստ է, որ վերջին երկու ամիսներին Լիդիանը Ամուլսարի տարածք է բերել մարդկանց, որոնց գերակշիռ մեծամասնությունը պահնորդական որակավորում չունի, իսկ վկայական ունեցողների նկատմամբ ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի ու պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը որակավորման ստուգում չի անցկացրել։ 

 

Հայտնի է նաև, որ օգոստոսի 3-ին Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Ինգա Անդրանիկի Սարաֆյանը Պետռեգիստրում գրանցել է նոր՝ «Լիդիան Սիքյուրիթի» ընկերությունը։ Ընկերության անվանումից պարզ է, որ սա պահակային կամ պահնորդական գործունեության նպատակ ունեցող ընկերություն է։ Լուրեր են պտտվում, որ Լիդիանը պատրաստվում է մոտ ժամանակներս նորից փոխել իրեն պահնորդական ծառայություններ մատուցողներին և տարածք բերել այս նոր՝ իր հետ փոխկապակցված ընկերությանը։