
«Sպեց օպերացիայի» համար պատասխանատու կառույցը պարտավոր է մի փոքր «սպռավոչկա» տրամադրել

Ինձ զանգահարած կինը պատմում էր, թե «Նուբարաշեն» քրեակատարողականի պատժախցում դիմակավոր անձինք ինչպիսի կտտանքների են ենթարկել իր ամուսնուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե այն, ինչ ինձ պատմեց կինը, թե ինչպիսի դաժանությամբ են ծեծել իր ամուսնուն եւ նրա խցակիցներին, իրականություն է, ապա սա այլեւս բեսպրեդել էլ չի։ Ինձ հայտնի չէ բռնությամբ ու ստորացմամբ օրինականություն հաստատելու ժողովրդավարություն։
ՔԿԾ մամուլի խոսնակը պարզաբանում է, թե Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ, ներգրավելով նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողներին՝ խցերում արգելված իրեր եւ առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ու ավելացնում է, որ ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ։ Մի խոսքով, չի հերքում, որ մարդկանց ծեծել են»,- գրել է նա և հավելել, որ նման չնախատեսված «ռեյդեր» տեղի են ունեցել ոչ միայն «Նուբաշարեն» ՔԿՀ-ում, այլ մի քանի այլ քրեակատարողական հիմնարկներում ևս։
«Ծեծվածների հարազատներին հասկացրել են, որ ձեր դատապարտյալը քրեական ենթամշակույթի կրող է ու պատժվել է քրեական ենթամշակույթի շրջանակներում։
Նորից բացեցի Քրեական ենթամշակույթի մասին օրենքի նախագիծը, նորից կարդացի ու չտեսա տող, ուր նշված լիներ, որ քրեական ենթամշակույթը ազատազրկվածի միջից հանելու ամենաարդյունավետ միջոցը դիմակներով ու դուբինկաներով ծեծն է»,- գրել է Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ բռնությամբ հարց չի լուծվել ու չի լուծվելու։
«Կարծում եմ, բացի պարզաբանումից, որ հատուկ ջոկատայինները իրավունք ունեն ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու, «սպեց օպերացիայի» համար պատասխանատու կառույցը պարտավոր է մի փոքր «սպռավոչկա» տրամադրել, թե էդ ի՞նչ հրամանների չենթարկվելու համար են ազատազրկվածներին դուբինկաներով ջարդել»,- նշել է պատգամավորը և հավելել, որ միջազգային գործընկերները ևս պարզաբանում են ցանկանում։