ՀՀ-ում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի. Փաշինյան
Հայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը, ով նաեւ տեղադրել է տեսանյութ Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից:
Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեւավորվել է ՀՀ-ում եւ հասկանալիորեն այն հայեցակարգային նշանակություն ունի մեր երկրի համար, որովհոտեւ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը: Սա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար:
Ռազմավարական առումով մեզ համար կարեւոր է ոչ թե կոռուցպայի դեմ պայքար ունենալը, այլ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար, կամ այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որ որպես հանրային խնդիր չլինի օրակարգում, բնականաբար, կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չպետք է մնա:
Այսօրվա հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում այս հանձնաժողովի աշխատանքները, կառավարությունն ինչ անելիքներ ունի: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այն խնդիրները, որոնք ֆիքսված են մեր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ: