Ավագ դպրոցում «Հայ Գրականություն» առարկայից հանվել է «հայ» բառը

Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը: Խնդրի վերաբերյալ Tert.am-ը կապ է հաստատել հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանի հետ:

Նրա փոխանցմամբ՝ «հայ» բառը գրականության առարկայից հանվել է, քանի որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ են գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը:

«Նախևառաջ, հայ գրականությունը համաշխարհային գրականության մեկ մասնիկն է, և բացի դրանից, բավական թվով օտար գրողներ են զետեղված, դրա համար դարձրել ենք՝ «Գրականություն»: Առաջին դասարանից մինչև 6-րդ դասարան կոչվում է «Մայրենի», 7-9-րդ դասարանում առարկան կոչվում էր «Գրականություն» և միայն ավագ դպրոցում էր առարկան անվանվում «Հայ գրականություն», որը և հանել ենք, քանի որ եթե թողնենք «Հայ գրականություն», պետք է պահենք ժամանակագրությունը, ինչին մենք խիստ դեմ ենք: Այսկերպ մենք ավագ դպրոցին ևս հնարավորություն ենք տվել համաշխարհային գրականության հետ առնչվելու․ զուտ այդ պատճառով դարձել է «Գրականություն», ամբողջ խնդիրը սա է»,- պարզաբանել է նա:

Թամարա Ալեքսանյանի կարծիքով ՝ փոփոխությունը քննարկման առարկա է դարձել, քանի որ ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ գրականության ցանկի փոփոխություններին։

«Աղմուկը պայմանավորված է նրանով, որ շատ ուսուցիչներ սովորել են տարիներ շարունակ աշխատել նույն ձևով, և հիմա պետք է նորից կարդան, ուսումնասիրեն, նոր ուսումնական պլաններ կազմեն, մշակումներ անեն, և հասկանալի է՝ ինչի են խառնված իրար: Բայց կան ուսուցիչների առողջ դատողությամբ խումբ, որոնք ողջունում են և պատրաստ են սովորել»,-ասաց նա:

Թամարա Ալեքսանյանը նշել է, որ դասագրքում ներառված են նաև ժամանակակից գրողները, որի շուրջ ևս տարակարծություններ կան, մի մասը դեմ է, որ երեխաները ժամանակից գրողների գործերը դպրոցում անցնեն:


 

Քաղաքականություն

Պատահարներ