Եթե Hermes 900–ն իրենցը չէ, հետաքրքիր է` ո՞ր երկիրն է խախտել մեր օդային սահմանը. ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե իբր Երևանն Աֆղանստանում կործանված անօդաչուի լուսանկար է հրապարակել։

 

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն ասել էր` իբր հայկական կողմը 2014 թվականին Աֆղանստանում կործանված ամերիկյան ԱԹՍ-ն որպես ադրբեջանական է ներկայացնում։ Նա հերքել էր տեղեկությունը կործանված 13 անօդաչուների մասին։
 

Ստեփանյանն ավելացնում է, որ ՊՆ–ն ոչ մի լուսանկար չի տարածել։  Տարածվել է միայն Hermes 900-ի խոցման պահը․ այն խոցվել է Հայաստանում արդիականացված «ՕՍԱ—ԱԿՄ» համակարգով։ Նրա խոսքով՝ ուրիշ պաշտոնական լուսանկար չի տարածել։ Պետք է նշել, որ ԶԼՄ-ները հաճախ նյութերը հրապարակում են արխիվային լուսանկարներով, օրինակ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի լուսանկարներով։
 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները հենց դրանից են կառչել։ Սակայն Պաշտպանության նախարարությունն արդեն ասել է, որ որոշ ԱԹՍ-ներ կողմերի դիրքերի արանքում են ընկել, այդ պատճառով դրանք հնարավոր չէ նույնականացնել։
 


«Ինչ վերաբերվում է նրան, թե իրենց բոլոր ԱԹՍ–ները տեղում են, հատկապես, եթե խոսքը գնում է Հերմեսի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ Հերմեսից ունեն ընդամենը մի քանի երկիր, եվ եթե դա իրենցը չէ, ապա հետաքրքիր է` որ երկրի ԱԹՍ–ն է խախտել մեր օդային սահմանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նա։

 

Մամուլի քարտուղարը նորից հաստատեց, որ ՀՀ ԶՈւ-ն 13 ադրբեջանական ԱԹՍ է խոցել. երեքը հետախուզական են, իսկ 10–ը` հարվածային (այդ երեքի մեջ է մտնում նաև Hermes 900–ը)։

 

Քաղաքականություն