Կրակոցներ Երևանում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. հնարավոր է վենդետա է

Երեկ՝ հուլիսի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

 

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել են ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։ 

 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, և մոտավոր կա նաև կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, և այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։