Բացահայտվել է 2020թ. փետրվարի 3-ին փոստային բաժանմունքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2020թ. փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Սեբաստիա 27 հասցեում գործով «Հայփոս» ՓԲԸ պատկանող փոստային բաժանմունք, սպասել մինչև հաճախորդների հեռանալը: Այնուհետև, 36-ամյա և 37-ամյա տղամարդիկ մուտք են գործել նշված բաժանմունք, որտեղ 36-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, իսկ 37-ամյա տղամարդը օգտագործելով իր հետ նախապես վերցրած դանակը, աշխատակիցներից պահանջել են գումար, վերցրել այն, նստել շենքի ետնամասում կայանված ավտոմեքենան և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա և 36-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ նրանց օժանդակող անձի վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: