Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը․ Հետք
ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով անցնող մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցային բիզնեսի համար օգտագործել է օֆշորային բանկային հաշիվներ: Սա ապացուցվում է Կայմանյան ազգային բանկից (Cayman National Bank) արտահոսած եւ «Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով: Հետաքրքիր են հատկապես այդ հաշիվներով արված տրանսֆերտներն ու հաշիվների փակվելու պատմությունը: Մենք նաեւ պարզել ենք, որ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ունեցել Ավետիսյանի՝ կայմանյան բանկում պահվող գումարների մասին: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Անցյալ տարվա աշնանը Phineas Fisher (HackBack) անունով ներկայացող հաքերը համացանցում տեղադրել էր ավելի քան 2 տերաբայթ ծավալով բանկային ինֆորմացիա: «Cayman National Corporation»-ը (ներառում է ընկերություններ Կայմաններում, Մեն Կղզում, Դուբայում) հայտարարել էր, որ արտահոսք է եղել իրեն ենթակա 2 ընկերություններից՝ Մեն Կղզում գտնվող «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ից եւ «Cayman National Trust Company (Isle of Man) Limited»-ից: Հասանելի է դարձել 1400 հաճախորդի բանկային ինֆորմացիա 3800 հաշիվներից: «Հետքն» իր գործընկեր OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ ուսումնասիրել է մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի վերաբերյալ արտահոսած փաստաթղթերն ու ուշագրավ բացահայտումներ է արել:
Այն բանից հետո, երբ մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց, վարակված քաղաքացին եւ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվեցին: Շատ չանցած հայտնի դարձավ, որ կարանտինի մեջ գտնվող անձանց տրամադրվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (պարետատնից տեղեկացել ենք, որ ներկայում այն դատարկ է): Այն, որ հարուստ երկրի համբավ չունեցող Հայաստանը 5-աստղանի հյուրանոցը դարձրել է կարանտինային գոտի, լույսի արագությամբ տարածվեց համացանցում, այդ թվում՝ օտարալեզու կայքերում:
Կառավարությունը դժվար թե նման շքեղություն իրեն թույլ տար, եթե հյուրանոցը պատկաներ մասնավորի, ով ծառայությունների համար հավանաբար հսկայական գումար կպահանջեր: 2013-ի մարտին բացված «Գոլդեն Փելիսը» 2019-ի սեպտեմբերից պատկանում է պետությանը, որը ներկայում փորձում է այն օտարել աճուրդի միջոցով: Մինչ այդ համալիրը պատկանել է մաքսային պետական կոմիտեի նախկին (2001-2008 թթ.) նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:
Արժե հիշեցնել, որ Ավետիսյանը հենց հյուրանոցային բիզնես վարելու հանգամանքով հայտնվեց քրեական գործի առանցքում:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։