Հասարակություն

Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian

WRed 248 դիտում
Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian

Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված ՀՀ զինված ուժերի սպայի հարազատները հույս ունեն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին որոշում կկայացնի Հունգարիայի ու Ադրբեջանի դեմ: 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Դատական գործընթացի ժամանակ Սաֆարովը նշել էր, որ դրդված է եղել Հայաստանի և հայերի նկատմամբ ատելությամբ: Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման: Այդուհանդերձ, 2012 թվականին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան ներում շնորհվեց: 

 

«Չնայած այս սարսափելի դեպքից անցել է 16 տարի, այն դեռ թարմ է իմ հիշողություններում»,-ասել է Հայկ Մակուչյանը, ով Գուրգեն Մարգարյանի հետ ևս Բուդապեշտում մասնակցում էր դասընթացների: Նրան Սաֆարովը ևս ցանկանում էր սպանել: Նա և Մարգարյանի հարազատները հայցվորներ են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նրանք որևէ կառավարությունից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում: «Մենք փնտրում ենք արդարություն, ոչ թե փոխհատուցում: Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, ծանր բռնութան փաստի հաստատում է. մենք ուզում ենք վերջ տալ անպատժելիությանը և կանխել հայերի նկատմամբ ատելությունը»,-ասել է Մակուչյանը: 

Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ Մարգարյանների ընտանիքը պայքարում է հանուն արդարության: «Նրանք միայն ցանկանում են արդարություն»,-ասել է նա: 

Եվրոպական դատարանը կարող էր պարտավորեցնել Ադրբեջանին կրկին ձերբակալել Սաֆարովին և վերադարձնել նրան բանտ: «Իրականում, մենք կցանկանայինք, որ դատարանը պարտավորեցներ և նրան արտահանձնեին հետ Հունգարիա կամ երրորդ երկիր՝ շարունակելու կրել պատիժը, որովհետև Ադրբեջանում նա հերոսացվել է»,-ասել է Վարդանյանը: 

Ֆիլիպ Լիչը, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրենը, ով նույնպես ներկայացնում է հայցվորներին, ասել է, որ գործը ծածկում է նոր իրավական տարածք և դատարանի որոշումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ ապագայում բանտարկյալների արտահանձնման դեպքերի վրա: «Բավական տարածված է, երբ մարդկանց ներում է շնորհվում, համաներում է հայտարարվում քաղաքական պատճառների համար, բայց երբ պետությունները հայտարարում են համաներում կամ ներում են շնորհում, շատ հաճախ դա խախտում է նրանց պարտավորությունները մարդու իրավունքների հետ կապված» ,-ասել է նա: 

 

2012 թվականին Հունգարիայի Օմբուդսմենի զեկույցը նշում է, որ Հունգարիան չի խախտել որևէ միջազգային իրավունք, ամեն դեպքում եկել է այն եզրակացության, որ Հունգարիայի կառավարությունը «բավական խելամիտ չի գտնվել, երբ չի պահանջել Ադրբեջանից որևէ երաշխիք»: Որոշումը կայացվել է կարճ ժամանակ անց, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Բաքու: Հունգարիայի կառավարությունը հերքել է գործում անպատշաճության մասին մեղադրանքները: «Ամենայն հարգանքով Հունգարիայի նկատմամբ, ես հակասական զգացողություններ ունեմ. երախտագիտություն եմ հայտնում Հունգարիայի դատական համակարգին, որը բավական ուժեղ է արդարադատություն իրականանցելու համար… և հիասթափություն այն պատճառով, որ մարդասպանն արտահանձնվեց և պահպանվում են անպատժելիության կայուն ռիսկերը»,-ասել է Մակուչյանը, ով ներկայում աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում: 

ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանը փետրվարի 19-ին սպանվեց դավադիր ադրբեջանցու՝ Ռամիլ Սաֆարովի կողմից: 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին: Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվող հունգարացի Քութի Բալաշը պատմել էր, որ նույն հարկում ապրում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ` այդ թվում և ադրբեջանցին, սակայն դասընթացների ժամանակ ներկայացուցիչներից և ոչ մեկի միջև վիճաբանություն չէր եղել: Դաժան սպանության օրը` փետրվարի 19-ին, Մարգարյանը մյուսներից ավելի երկար է նախընտրել պարապել, ինչից հետո հանդիպել է ընկերոջը` Հայկ Մակուչյանին, ապա գնացել իր սենյակ: Ադրբեջանցի Սաֆարովը, օգտվելով այն հանգամանքից, որ Մարգարյանը քնելուց դուռը չէր փակում, կացինը ձեռքին գնացել է նրա սենյակ և կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել քնած հային: Բալաշը պատմել է, որ ինքը ձայներից շրջվել և միայն այդ ժամանակ է հասկացել կատարվածը:

«Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին: Գուրգեն Մարգարյանի սպանությամբ չբավարարված Սաֆարովի հաջորդ թիրախը մյուս հայն էր` Հայկ Մակուչյանը: Սաֆարովն արյունոտ կացինը ձեռքին սկսում է մյուս սենյակներում փնտրել Հայկին` ձայների վրա հավաքվածներին ասելով, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Սակայն երկրորդ հային սպանել նրան չհաջողվեց. այս անգամ դուռը փակ էր: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250