Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման արգելքին, հերթական անգամ մի շարք պնդումներ է արել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ինչ վերաբերում է այն ենթադրությանը, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման արգելքը միտված է հիմնարկին կից գործող խանութների առևտուրը խթանելուն, ապա այն ևս իրականության հետ որևէ աղերս չունի:
Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը: Հիմնարկ մուտք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը կարող է բարձրացնել վարակման ռիսկը, ինչը Նախարարության համար ընդունելի չէ: Առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը պետք է գերակա լինեն, այն էլ այն պայմաններում, երբ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալու իրավունքը սահմանափակվել է միայն ժամանակավորապես՝ պայմանավորելով արտակարգ դրության հայտարարմամբ:
Հիմնարկներին կից գործող խանութներից առևտուր անելու դեպքում շաբաթական կտրվածքով, որպես կանոն, մեկ անգամ են ընդունվում հայտերը, հայտերն ընդունվելու դեպքում պահպանվում են սանիտարական բոլոր կանոնները, ընդունված հայտերի արդյունքում ձեռք բերված ապրանքները պահվում են առնվազն մեկ օր, ապա նոր միայն փոխանցվում հասցեատերերին, որպեսզի վարակի փոխանցման հավանականությունը հասցվի նվազագույնի: Մերձավոր ազգականների դեպքում, ինչպես նշվեց, առկա են՝ 1) հիմնարկ մուտք գործող անձանց շրջանակի ընդլայնման ռիսկեր, 2) հիմնարկ մուտք գործելու հնարավոր դեպքերի թվի ավելացման ռիսկեր՝ հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված անձը կարող է անսահմանափակ թվով հանձնուքներ ստանալ (միայն կալանավորված անձանց դեպքում է, որ գործում է մինչև 70 կգ հանձնուք ստանալու հնարավորություն):
Ի վերջո, եթե թույլատրվի հանձնուքի ընդունումը, ապա պետք է գիտակցել, որ այդ դեպքում հիմնարկներ կարող են այցելել շուրջ 2140 անձ (ընդ որում՝ դա այն դեպքում, երբ հանձնուքը հիմնարկ բերի միայն 1 անձ): Օբյեկտիվորեն հիմնարկ 2140 անձի մուտքը կարող է հանգեցնել վարակի ներթափանման ռիսկայության բարձրացմանը, որի դեպքում հետևանքներն աղետալի կլինեն: