
Լիբանանը կտրականապես դեմ է ամերիկյան «դարի գործարքին»` այն համարելով աշխարհի ոչնչացման ծրագիր

Լիբանանը կտրականապես դեմ է ամերիկյան «դարի գործարքին», որը ենթադրում է պաղեստինյան փախստականների օրինականացում հյուրընկալող երկրներում և չի փոխի իր տեսակետը նույնիսկ տնտեսական և ֆինանսական ճնշման սպառնալիքների ներքո: Auroranews.am-ի տեղեկացմամբ` այս մասին ասել է Լիբանանի նախագահի խորհրդական Ամալ Աբուզեյդը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լիբանանում ապրում է 4 միլիոն բնակչություն, 600 000 պաղեստինցի փախստական և Սիրիայից ավելի քան 1,5 միլիոն փախստական: Պաղեստինցիները հատուկ կարգավիճակ ունեն և ապրում են փախստականների համար նախատեսված ճամբարներում, որոնք ժամանակի ընթացքում դարձել են խիտ բնակեցված քաղաքային բլոկներ և տարածված են ամբողջ Լիբանանում:
«Մենք արդեն գոյություն ունենալ-չունենալու եզրին ենք այն բանից հետո, երբ Լիբանանը 30 տարի շարունակ թաղվեց պարտքի մեջ, ինչը հանգեցրեց ամենաբարդ ֆինանսական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի: Սա միջազգային խաղ է, որը երկրին կանգնեցնում է հետևյալ ընտրության առաջ. կամ համաձայնեցնել փախստականների նատուրալիզացիա կամ չի լինի օգնություն և պարտքերի ներում»,- Թվիթերյան էջում գրել է Աբուզեյդը:
Նա շեշտել է, որ Լիբանանը, ինչպես և նախկինում, հիմա ևս դեմ է դարի գործարքին և ևս մեկ անգամ հայտարարում է, որ չի աջակցի որևէ միջազգային խաղի և ոչ մի բանակցության՝ Լիբանանի և նրա շահերի հաշվին, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այդպիսի դիրքի ունենալու գինը:
«Մենք հավատարիմ ենք մեր հայրենիքի ինքնիշխանությունը պաշտպանելու և մեր սահմանադրության հիմքերը պահպանելու մեր օրինական իրավունքին, որում հստակ ասված է. չկա նատուրալիզացիա, չկա բաժանում, չկա առանձնացում: Մենք թույլ չենք տա, որ Լիբանանը թույլ օղակ լինի կասկածելի նախաձեռնությունների խթանման գործում»,- ասել է Լիբանանի նախագահի խորհրդականը:
Նատուրալիզացիան, հազվադեպ հանդիպող եղանակ է, երբ անձը քաղաքացիություն է ձեռք բերում իր ցանկությամբ։ Քաղաքացիություն ստանալու համար այսպիսի դեպքերում անձ պետք է բավարարի որոշակի պահանջների, օրինակ՝ լեզվի իմացություն։ Նատուրալիզացիայի շրջանակներում երբեմն առանձնացնում են․
գրանցում․ անձին քաղաքացիություն տալը զուտ դիմումի հիման վրա՝ առանց լրացուցիչ պահանջների,
քաղաքացիության նվիրում․ երբ անձին պետության ղեկավարը քաղաքացիություն է շնորհում նրա մատուցած ինչ-որ ծառայությունների դիմաց,
ընտրություն․ պետությունների սահմանների փոփոխության ժամանակ անձին հնարավորություն է տրվում ընտրելու իր քաղաքացիությունը։ Այս հարցը կարգավորվում է միջազգային պայմանագրերով,
փոփոխում․ երբ մի պետության բնակչությանը տեղափոխում են այլ պետության տարածք։ Անձը ստանում է այն պետության քաղաքացիությունը, որի տարածքում ապրում է։
Աբուզեյդը նշել է, որ ԱՄՆ նախաձեռնությունը, որը նա անվանել է Մերձավոր Արևելքի խաղաղության ծրագիր, ցանկացած խորը վերլուծության դեպքում, կհամարվի «աշխարհի ոչնչացման ծրագիր» և բացասաբար կանդրադառնա Լիբանանի ինքնիշխանության և ժողովրդագրության վրա, քանի որ այն հիմնված է պաղեստինցի փախստականներին հարևան երկրներում նատուրալիզացնելու և օրինականացնելու հին գաղափարի վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դարի գործարքի մասին: ԱՄՆ առաջնորդը Պաղեստինին առաջարկել է ստեղծել անկախ պետություն, եթե իհարկե իրենք ընտրեն խաղաղության ճանապարհը: Սպիտակ տունը հրապարակել է 180 էջից բաղկացած փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացված է «դարի գործարքի» մանրամասները:
Քրիստինա Աղալարյան