Ինչի՞ց է մահացել 3-ամյա երեխան. պարզաբանում

Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել:

 

Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու մահվան:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել է.

 

«Երեխայի վիճակը կտրուկ վատացել է։ Երեխայի մոտ արձանագրվել է բարդ ֆեբրիլ ցնցումներ, նեյրոինֆեկցիա, գլխուղեղի խնդիր է ունեցել։ Տեղափոխվել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն շատ վատ վիճակում, այնտեղ կոմայի մեջ է ընկել»:

 

SHANTNEWS.am-ը պարզաբանման նպատակով դիմել է Արարատի հիվանդանոց:

 

«Երեխան հիվանդանոց է տեղափոխվել շաբաթ օրվա երկրորդ կեսին, բերվել է ջերմությամբ և շնչական խնդիրներով: Ախտորոշվել է սուր բրոնխիտ, բարձր ջերմություն և ընդունվել է ստացիոնար բուժման»,- ասել է ԲԿ տնօրեն Արայիկ Սարդարյանը:

 

Նրա խոսքով՝ ստացած բուժման արդյունքում 2 օր երեխայի ջերմությունը չի իջել և երրորդ օրը կտրուկ բարձրացել է, ինչից հետո ավելի մասնագիտական բուժման նպատակով իրենց միջոցներով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Այնտեղ երեխան տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ջերմային ցնցումների և գիտակցության կորստի պատճառով երեխան հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում և միացվել արհեստական շնչառության սարքին։

 

«Իրականացվել են մի շարք հետազոտություններ, ախտորոշվել է սուր էնցեֆալիտ պոլիսինուսիտ, նաև H1N1 գրիպի հետազոտություն է անցկացվել, հաստատվել է գրիպի A տեսակը՝ H1N1-ը։ Չնայած երեխայի մոտ հայտնաբերվել է այս ենթատեսակը, բայց երեխան հոսպիտալացվել է սուր էնցեֆալիտի (ջերմային ցնցում) երևույթներով, հետևաբար միայն հետազոտություններից հետո պարզ կլինի՝ արդյոք երեխայի մահը վրա է հասել H1N1-ի, թե սուր էնցեֆալիտի հետևանքով»,- ասվում է հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ:

 

Թեև վերջնական եզրակացություն դեռևս չկա, սակայն բժիշկները նշում են, որ երեխան չի ստացել գրիպի դեմ սեզոնային պատվաստում: Թե որքանով է դա ազդեցություն ունեցել հիվանդության զարգացման վրա, որևէ առողջապահական կազմակերպություն չի մեկնաբանում:


 

Քաղաքականություն