Հարցնում են՝ Կարեն Սարուխանյանը քո ինչն է, ասում է՝ ընկերս է ու սկսում են հարվածել. պատգամավորը մանրամասնում է
Միջադեպը սկսվել է նրանից դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան նկատել ենք ծաղկեպսակ, որի մասին ես երեկոյան գրառում էի կատարել ֆեյսբուքյան իմ էջում, որ բոլոր պսակների հետ չի բերվել, այլ առավոտ շուտ է բերվել, երևի դողդողալով է բերվել պսակը, որը մարդիկ շատ ծանր են տարել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում ընկերոջը ծեծի ենթարկելու միջադեպին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
«Հաջորդ օրվա ընթացքում փորձեցին իմ ընկերների, հարազատների միջոցով իմ հետ հանդիպել, իսկ ես պատասխանեցի, որ թող գան գրանցվեն մեր ընդունելության գրասենյակում որպես քաղաքացիներ կընդունեմ։ Երեկոյան ընկերներով հանդիպել էինք, որից հետո, երբ ընկերս արդեն մենակ է եղել և վաճառատնից դուրս գալուց 2 հոգով մոտենում են, հարցնում են՝ Կարեն Սարուխանյանը քո ինչն է, ասում է՝ ընկերս է ու սկսում են հարվածել»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ ի՞նչ վնասվածքներ է ստացել և արդյոք բժշկի դիմե՞լ է՝ Սարուխանյանը պատասխանեց. «Վնասվածքներ ստացել է հիմնականում գլխի շրջանում՝ դեմքի շրջանում կան վնասվածքներ ու կապտուկներ, բայց հիվանդանոց չի դիմել, տան պայմաններում է բուժվել։ Այդ հատվածում տեսանկարահանող սարքեր կան և տեսախցիկները այդ ամենը ֆիքսել են»։
Սարուխանյանը նաև նշեց, որ նշված անձանց հետ որևէ առնչություն նախկինում չեն ունեցել. «Իրենց ճանաչել եմ իրենց ծավալած գործունեության հետ կապված։ Շեկոն, ում որ ձերբակալել են, 2016թ-ին Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել էր՝ ԲՀԿ ցուցակով, իսկ Կարոն՝ ՀՀԿ-ի երիտասարդական թևի նախագահն էր, 2018թ-ին ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ Իրենք հիմա ակտիվ մասնակցում են ի աջակցություն Քոչարյանի կազմակերպված ցույցերին»։
Սարուխանյանը նաև նշեց, որ մյուս անձը, ով եղել է Շեկոյի հետ, եղել է Շեկոյին պատկանող սննդի կետի՝ քյաբաբանոցի աշխատակիցը, նա այժմ գտնվում է հետախուզման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտնել էր, որ Շեկո մականունով հայտնի անձը , ով կասկածվում է Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծի ենթարկելու մեջ, ձերբակալվել է։