Սկանդալ TRACECA–ում. հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կարծիքները չեն համընկել
Բաքվում այսօր սկանդալ է ծագել TRACECA–ի նիստի ընթացքում, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, որը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը, դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի պատվիրակության անդամները պարտադիր պետք է այցելեն պատվո հուղարկավորության պուրակ։
«Մենք խուսափում ենք այդ կառույցի քաղաքականացումից, ինչպես նկատեցիք, մեր պատվիրակությունը կառուցողական էր քննարկումների ժամանակ։ Բայց ես չեմ կարող չանդրադառնալ ծրագրում ներառված որոշ միջոցառումների յուրահատկությանը։ Խոսքը պատվո հուղարկավորության պուրակ այցելելու մասին է։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի դա TRACECA–ի հետ, և ինչու է այդ այցելությունը դարձել ծրագրի մաս», – նշել է Սիմոնյանն իր ելույթում։
Նրա խոսքով` անցած տարվա ծրագիրը քաղաքական ենթատեքստով ինչ–որ թեմատիկ կետեր չի պարունակել։
Դրան ի պատասխան` Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը հայտարարել է, որ լավ է հասկանում հայկական կողմի արձագանքը, «քանի որ նրանք Երևանից եկել են Բաքու և իրենց աչքերով են տեսնում Ադրբեջանի մայրաքաղաքը»։
Ջաբարովը Հայաստանի պատվիրակությանը հրավիրել է այցելել պատվո հուղարկավորության պուրակ և Հեյդար Ալիևի կենտրոն, «որտեղ տեղի է ունենում Իրևանի (Երևան) պատմությանը նվիրված պատմություն և «շատ նոր բաներ իմանալ Իրևանի խանության և Իրևանի հիմնադրման պատմության մասին»»։
«Մենք անընդունելի ենք համարում, որ նման հարթակներն օգտագործվում են ազգային և վիճելի գաղափարներն առաջ մղելու համար», – նշել է հայ պատվիրակը` հավելելով, որ ադրբեջանական կողմը հավանաբար փաստարկներ կունենա` բացատրելու համար, թե ինչու են Հայաստանի սահմաններն արգելափակված նախագծի երկու անդամ երկրների կողմից։
TRACECA (Transport Corridor Europe-Caucasus-Asia) տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, որն առաջարկվել է Եվրամիության կողմից 1993 թ-ին։ Դրա նպատակը Եվրոպայից Սև ծովով, Կովկասով և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումն է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայաստանյան պատվիրակությունը գործուղվել է Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:
Պատվիրակության կազմում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Աֆղանստանի ներկայացուցիչներ։