25 տարիների ընթացքում մենք ունենք «սողացող» պատերազմ․ Աննա Հակոբյան

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձավ իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին․

 

«Երբ ես սկսեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, գաղափար անգամ չունեի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի  N 1325 բանաձևի մասին, և նույնիսկ մտածում էի, որ ես շատ օրիգինալ եմ իմ այս մտքի մեջ, որ կանայք պիտի ներգրավված լինեն»,- նշեց նա։

 

Աննա Հակոբյանի խոսքերով՝ պարզվում է՝ աշխարհի ժողովուրդները վաղուց են եկել այն մտքին, որ զինված հակամարտությունները շատ ավելի արագ և արդյունավետ կարող են խաղաղ հանգուցալուծում ստանալ, երբ կանայք ավելի շատ ներգրավված լինեն տարբեր հարթակներում․

 

«2016 թվականի  Ապրիլյան պատերազմի ընթացքում շատ մոտիկից եմ հետևել պատերազմական գործողություններին, երկու կողմերից եկող լրատվությանը, զոհերին, բազմաթիվ սարսափելի իրադարձությունների մասին լրատվությանը, և իմ միջով է անցել դա որպես կին և որպես մայր, անմիջապես փոփոխություններից հետո։ Քանի որ նաեւ վտանգը կա, որ միշտ կարող է հակառակորդ կողմերից մեկը սկսել պատերազմ և մտածել, որ լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով կարող է ավելի արագ լուծման հասնել Ղարաբաղյան խնդրի հարցում, որոշեցի մի բան անել, որ  իմ մասով հանգստ լինեմ, որ ես որևէ բան արեցի՝ դա կանխելու համար»։

 

Աննա Հակոբյանն ընդգծում է, որ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին որպես կին և մայր հորդորում են երբևէ չգնալ ռազմական ճանապարհով և հակամարտության լուծումը փորձել գտնել խաղաղ ճանապարհով․

 

«Զինադադարի կնքումից անցել է 25 տարի և 25 տարվա ընթացքում մենք ունենք բանակցային գործընթաց, որը տարբեր փուլերով ընթացել է, բայց սայլը տեղից չի շարժվել։ Եվ մենք նույն կետի վրա ենք, ինչ զինադադարը կնքելու պահին։ Այս 25 տարիների ընթացքում մենք ունենք «սողացող» պատերազմ և ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ զոհեր ենք  ունենում երկու կողմից, և այս զոհերը մեկ սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը»։

 

Աննա Հակոբյանն ընդգծում է կանանց խոսքը շատ կարևոր կշիռ ունեցող ուղերձ կլինի՝ դադարեցնելու այս պրակտիկան և ի վերջո նստելու բանակցությունների սեղանի շուրջ և գտնել լուծում։

Քաղաքականություն