Ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ
Հիմք ընդունելով համացանցում տեղ գտած քաղաքացու ահազանգն առ այն, որ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայում երեխային պատվաստման գործընթացում փորձ է արվել կիրառել պոլիոմելիտի ժամկետանց պատվաստանյութ, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Ըստ այդմ՝ սահմանված ժամկետում իրականացվում է զննում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2008թ․ հոկտեմբերի 15-ի 20Ն հրամանով հաստատված՝ ՀՀ-ում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման եւ իրազեկման համար սահմանված սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Վարչական վարույթի արդյունքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Նկատի առնելով պատվաստումների կարեւորագույն նշանակությունը եւ դրանց գործընթացն առավելագույն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը՝ պատվաստումներին առնչվող ցանկացած տեղեկատվություն դիտարկման հիմք է դառնում՝ բացառելու խնդիրները եւ հանրության շրջանում ոչ հավաստի տեղեկատվության տարածումը։