Ավտովթարից ամեն օր մեկ մարդ է մահանում, բալային համակարգը կարող էր շտկել վիճակը. Սիմոնյան
Բազմաթիվ քաղաքացիներ ինձնից հետաքրքրվում են, թե ինչ կարգավիճակում է գտնվում բալային համակարգը՝ ավտոճանապարհային կարգավորման վկայականների տրամադրման նոր կարգի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, և ինչու այն դեռևս խորհրդարանում չէ և դեռևս չի ընդունվել: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ Եվրոպական Միության հետ խոր և համապարփակ ընդլայնված պայմանագրի ճանապարհային քարտեզով Հայաստանն ունի պարտավորություն, որ 2019 թ. հուլիսի դրությամբ պետք է բարելավվեր վարորդական վկայականների տրամադրման կարգը: «Այսինքն՝ դեռևս հուլիս ամսին պետք է ունենայինք նոր կարգ, վկայականները տրամադրվեին նույն կերպ, ինչ ԵՄ ստանդարտներն են նախատեսում, սակայն մինչև այսօր որևէ շարժ չկա այս ուղղությամբ»,- ասաց նա:
Կարեն Սիմոնյանն այնուհետև ներկայացրեց վիճակագրություն: «Եթե պատկերավոր ասենք այսօր Հայաստանում ամեն օր մեկ մարդ է մահանում: Ինն ամիսների ընթացքում Հայաստանում վթարից մահացածների թիվը հասել է 253-ի, որը 11-ով ավելին է նախորդ տարվա համեմատ, բացի այդ, ամեն օր վթարից ունենում ենք բազմաթիվ վիրավորներ և այդ խնդիրը չենք կարողանում վերացնել»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ բալային համակարգը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց և կանգ առավ դրանից հետո, կարող է որևէ փոփոխություն բերել այս համակարգում և հանգեցնել նրան, որ ճանապարհներին առկա աղետալի վիճակը գոնե ինչ-որ ձևով փոփոխություն կկրի: «Այս համակարգը կնպաստեր վիճակը բարելավելուն: Հույս ունեմ, որ օրենքը կարճ ժամանակում կգա երկրորդ ընթերցման և կընդունվի»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այդ հարցը օրակարգում է, օրակարգ ընդունվել է: