Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ թվային օրակարգի իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է. «Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի և հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է և մեզ համար կարևոր նշանակություն ունեցող վիճակագրության և ընդհանրապես վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատկերացնում այս խնդրի իրագործումը՝ այն կտրվածքով, որ կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:
Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ ոլորտների թվայնացնումը պետք է այդ հեռանկարով լինի, որ համակարգերն իրար հետ աշխատեն: Իհարկե, նաև պետք է փորձենք այնպես անել, որ մինչև հիմա թվայնացված համակարգերը կարողանանք ինտեգրել մեկը մյուսին:
Սա բավական բարդ խնդիր է, ընդ որում՝ նույնքան կարևոր է, որ թվայնացված և ինտեգրված համակարգերը լինեն օգտագործելի, այսինքն՝ դրանց մեջ մեզ անհրաժեշտ տեղեկությունների գեներացման, փնտրման, դասակարգման և մատուցման համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ, մասնավորապես, կազմվել է ՀՀ 2020-2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը: Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին և թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին: Հ. Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:
Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են թվայնացման որակի չափանիշներին, գործող էլեկտրոնային համակարգերի համադրելիությանը, թվային օրակարգի շրջանակում տարվող աշխատանքների իրականացման ուղղություններին, օրենսդրական դաշտին, գերատեսչական էլեկտրոնային համակարգերին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը: Նշվել է, որ նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել հետևյալ փուլերով՝ քաղաքականությունների մշակում և համակարգում, հանրային ծառայություն և մարդկանց ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ արդիականացում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել մրցունակ հանրային կառավարման համակարգ:
Ներկայացվել են նաև Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսվող ծրագրերը:
Վարչապետը նշել է, որ թվայնացումը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան և հանձնարարել աշխատանքները շարունակել բովանդակային ու տեխնիկական պարամետրերի համադրելիության, համակարգերի փոխգործելիության ապահովման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա թվային հարթակների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը և դրանցից օգտվելու մշակույթի տարածումը՝ հանձնարարելով պատասխանատուներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կիսամյակային կտրվածքով համեմատական վիճակագրություն ներկայացնել հանրային իրազեկվածության և թվային տեխնոլոգիաների կիրառելիության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...