Թուրքիայում հայկական գերեզմանոցների տեղում ազգային այգի և հարսանյաց սրահ է կառուցվել

Թուրքիայի Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում գտնվող հայկական և ասորական գերեզմանոցների տարածքում «Ազգային այգի» անվանմամբ այգի և հարսանյաց սրահ է կառուցվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

 

Նշվում է, որ կառուցումը նախաձեռնել է նահանգային իշխանության ներկայացուցիչը՝ 2016 թվականին:

 

Որոշ ժամանակով այգու կառուցումը կանգ է առել, սակայն շարունակվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնցում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս ծրագիրն իրականացնելու համար պետությունը տրամադրել է 1 միլիոն 270 հազար լիրա (220 000 դոլար):

 

Տեղի բնակիչներից ազգությամբ ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը պատմել է, որ այգում հիմա էլ կան գերեզմաններ, և կառուցելու ժամանակ իշխանությունները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ, երբ երեխայի դագաղ գտան՝ վրան խաչ:

 

Էրգյունն ասել է, որ ինքն ի վիճակի չէ կանգնեցնել շինարարությունը: Նա նշել է, որ գերեզմանոցները կրոն և ռասա չեն ճանաչում և համարվում են սրբավայրեր, իսկ իշխանությունների պահվածքը բնութագրել է որպես սրբապղծություն: