Ովքեր կարծում են, թե Թուրքիան հետ կկանգնի իր ճանապարհից, սխալվում են. Էրդողանը` Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից հանելու և Թուրքիային ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն տալու համար քննադատության է ենթարկվել կոնգրեսականների կողմից: Ի պատասխան Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունների՝ Թրամփի վարչակազմն այս շաբաթ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կսահմանի:

 

«Մենք համագործակցում ենք Կոնգրեսի շատ անդամների, այդ թվում՝ դեմոկրատների հետ, Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, հարկավոր են լրացուցիչ օրենքներ: Այս հարցում մեծ համաձայնություն կա: Թուրքիան խնդրել է նման բան չանել»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

 

Իսկ ԵՄ երկրկների ղեկավարները Բրյուսելում առաջիկա օրերին նախատեսվող գագաթնաժողովի ընթացքում կարող են որոշում ընդունել Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու մասին: Գերմանիան և Ֆրանսիան արդեն հայտարարել են, որ կդադարեցնեն թուրքական կողմին զենքի մատակարարումը:

 

Այս ամենին անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Ամեն ինչից անտեղյակ երկրներն այնքան հեռուն են գնացել, որ Թուրքիայի օրինական գործողությունն անվանում են բռնազավթում: Չնայած մենք ամիսներ շարունակ խոսել ենք այս մասին՝ կան այնպիսինները, որոնք մեզ սպառնում են տնտեսական պատժամիջոցներով և զենքի էմբարգոներով: Նրանք, ովքեր կարծում են, թե Թուրքիային հետ կկանգնեցնեն իր ճանապարհից, սխալվում են»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում Ruptly գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ից շարունակվում են մարտերը: «Խաղաղության աղբյուր» անվան ներքո Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, որ Թուրքիա-Սիրիա սահմանին ցանկանում է քրդական խմբավորումներից ազատ անվտանգության գոտի ստեղծել:


 

Քաղաքականություն