Քաղաքականություն

Երևանում բուքմեյքերական 40 գրասենյակն էլ հերիք է, որ մարդկանց ընտանիքներ քանդվեն. Գաբրիելյան

WRed 174 դիտում
Երևանում բուքմեյքերական 40 գրասենյակն էլ հերիք է, որ մարդկանց ընտանիքներ քանդվեն. Գաբրիելյան

«Մի քիչ նեղսրտած եմ, որովհետև իրականում մենք ինչ խոստացել ենք, չենք անում: Խոստացել ենք, որ փակելու ենք, բայց հիմա եթե ամեն վարչական շրջանում մեկ հատ թողնենք, 4 ընկերություն կա, և փաստորեն թողնում ենք, որ Երևանում 40 գրասենյակ գործի: Վաղը եթե 5-րդ ընկերությունը բացվի, 50 հատ գրասենյակ կլինի: Երևանի համար 40 գրասենյակն էլ բավական է, որ մարդիկ իրենց տուն-տեղը կորցնեն, ընտանիքներ քանդվեն».

 հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

 

Նկատենք, որ օրինագծով նախատեսվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների թիվը: Ըստ այդմ՝ ամեն մարզկենտրոնում և Երևանի ամեն վարչական շրջանում թողնել մեկական գրասենյակ: Բացի այդ՝ գրասենյակների գործունեությունը թույլատրված է Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան քաղաքներում:

 

Ս. Գաբրիելյանի դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց.

«Եթե այդպիսի եղանակ լիներ, որ հնարավոր լիներ մեկ զարկով միանգամից ամեն ինչն արգելել, հավատացեք, որ այդ տարբերակին կգնայինք: Բայց եթե մենք բուքմեյքերական կետերի գործունեությունը կտրուկ արգելում ենք, օնլայն տիրույթում ոչինչ չենք անում, այդտեղ շուկայում անհավասար մրցակցություն է ստեղծվում, և մենք ունենում ենք ոչ թե խաղամոլության դեմ պայքարի սահմանափակում, այլ շուկայի մոնոպոլացում:

 

 Այս նախագծով լուծում ենք կանխիկով կատարվող խաղադրույքների հարցը, սակայն մեզ համար խնդիր է օնլայն տիրույթում խաղադրույքների հարցը: 

Խաղադրույքների մեծ մասը կատարվում են օնլայն ռեժիմում: Այնպես չլինի, որ մարդիկ խաղան արտասահմանյան կայքերում, և կստացվի, որ ո՚չ խաղամոլության դեմ պայքարեցինք, ո՚չ էլ որևէ օգուտ տվեցինք: Միակ վնասն այն կլինի, որ փողը երկրից կգնա դուրս: Քանի դեռ օնլայն տիրույթում այդ լուծումը չենք գտել, ճիշտ կլինի այս կետերին հնարավորություն տանք ադապտացվեն այդ փոփոխություններին: Հետո երբ ավելի լուրջ տարբերակներ կլինեն խնդիրն ավելի արմատական լուծելու համար, իհարկե այդ տարբերակին կգնանք: Որևէ մեկը մեր ձեռքը չի բռնել»,- ասել է Բ. Թունյանը:

 

Ալեն Սիմոնյանն էլ եզրափակիչ ելույթում, անդրադառնալով Ս. Գաբրիելյանի՝ նոր գրասենյակներ բացելու հնարավորությանը, նկատեց, որ նոր կազմակերպություն բացելը մեծ ծախսերի հետ է կապված: Դուստր ձեռնարկությանը լիցենզիան չի կարող փոխանցվել, իսկ նոր լիցենզիա ստանալն էլ «թանկ» է: «Ինչ վերաբերում է քաղաքներին, ապա նախատեսվում է մինչև 2022թ. ընդհանրապես արգելել գրասենյակների գործունեությունը»,- ասել է Ա. Սիմոնյանը:

 

Նշենք, որ օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020թ. նոյեմբերի 1-ից:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250