«Հայկական ժամանակ». ԱՄՆ-ում Փաշինյանին «իրենց տղայի» պես չեն ընդունում, հեղափոխությունը աշխարհաքաղաքական «պապաներ» չուներ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցի արդյունքների վերաբերյալ հանգամանալից մասնագիտական վերլուծություններ, իհարկե, դեռ կլինեն, իսկ առայժմ արժե անդրադառնալ այցի ներհայաստանյան արձագանքներին: Ընդդիմադիր քարոզչամիջոցներն, ինչպես միշտ, ամեն ինչ ներկայացրին սև գույներով ու բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրին իշխանությունների հասցեին: Ընդ որում՝ հիմնական մեղադրանքները երեքն էին. առաջին՝ այցի կազմակերպման համար մեծ գումար է ծախսվել, թեև կարելի էր խնայել և ավելի համեստ այց կազմակերպել, երկրորդ՝ այցը ձախողված էր, որովհետև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ չեղան, և երրորդ՝ Լոս Անջելեսի հանրահավաքին նախատեսվածից քիչ մարդ մասնակցեց:
Սկսենք այցի վրա ծախսված գումարներից: Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ գումարները, բնականաբար, տասնապատկված ու հարյուրապատկված վերադառնալու են Հայաստան տարբեր ներդրումային ծրագրերի տեսքով (պատահական չէ, որ այցի ողջ ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տրվել տնտեսական խնդիրներին ու բիզնես-նախագծերին): Խնդիրը նաև այն է, թե երբ խոսում ենք «աննախադեպ մեծ ծախսերի» մասին, ինչի՞ հետ ենք համեմատում: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք նման հարցերում թափանցիկություն առանձնապես չկար, էլ չենք խոսում կոռուպցիոն սխեմաների մասին: Չէր բացառվում, օրինակ, որ նրանց որևէ պաշտոնական այցի վրա բյուջեից (փաստաթղթերով) ավելի քիչ գումար ծախսվեր, բայց մի քանի օլիգարխներ «իրենց գրպանից» ֆինանսավորեին նախագահների շատ ավելի ճոխ վոյաժները (ասենք՝ «բա հետ գնալուց մի հատ չմտնե՞նք Բադեն-Բադեն»), ու հետո դրա դիմաց հարկեր չվճարելու արտոնություններ ստանային, և արդյունքում պետական բյուջեն տասնապատիկ ավելի մեծ վնասներ կրեր:
Հիմա՝ «Լոս Անջելեսի հանրահավաքին նախատեսվածից քիչ մարդ մասնակցելու» մասին: Եվ դարձյալ՝ իսկ ինչի՞ հետ ենք համեմատում: Նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի ժամանակ տեղի հայերն, իհարկե, հավաքվում էին, բայց՝ միայն նրանց դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու և նրանց մասին իրենց կարծիքը բարձրաձայն ասելու համար: Իսկ իրենք՝ Հայաստանում լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող նախագահները, գերադասում էին հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ բացառապես փակ դահլիճներում: Եվ, ի դեպ, ճիշտ էին անում. Ժողովրդի առաջ ելույթ ունենային՝ ե՛ւ իրենք էին խայտառակվելու, ե՛ւ Հայաստանն էին խայտառակելու:
Բայց «ամենահզոր մեղադրանքն», իհարկե, ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի մակարդակով հանդիպումներ չունենալն է: Ուշագրավն այն է, որ այս մասին խոսում են հատկապես այն «քաղաքական գործիչներն» ու քարոզչամիջոցները, որոնք արդեն մեկուկես տարի է հայտարարում էին, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը «ամերիկյան նախագիծ» է, գունավոր հեղափոխություն և այլն: Հասկանալի է, չէ՞, որ եթե իսկապես այդպես լիներ՝ վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցը բոլորովին այլ օրակարգ և ծրագիր կունենար: Ու հենց միայն այն փաստը, որ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանին «իրենց տղայի» պես չեն ընդունում, վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցածը բացառապես ներհայկական օրակարգ էր, աշխարհաքաղաքական «պապաներ» չուներ, ու Հայաստանն էլ այսօր առաջնորդվում է բացառապես սեփական շահերով: Մեծ հաշվով՝ այդ այցը ցույց տվեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բավարար ներուժ ունեն գերտերությունների հետ համագործակցելու համար՝ առանց վերջիններիս «պրոյեկտը» կամ «ֆորպոստը» դառնալու նախապայմանի: Այլ հարց է՝ կկարողանա՞նք բավարար չափով օգտագործել այդ ներուժը, թե ոչ: Եթե ներսից խանգարողները քիչ լինեն՝ երևի կկարողանանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: