Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը

ELARD–ի փորձագետներին վճարված 400 000 դոլարը վատնված չէ։ Այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի փորձաքննությանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով` այդ գումարը տրվել է հիշյալ ընկերությանը` Ամուլսարի մասին ճշմարտությունն իմանալու համար։

 

«Մենք ասում ենք, որ այս հարցում մենք պետք է գնանք ճշմարտության հետևից։ Եվ ճշմարտությունն ինքը մեզ պետք է բերի այս կամ այն որոշման։ Ես շատ կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում` իմ կողմից շատ հարգված, սիրված իմ ընկերների կողմից։ Որովհետև, երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում ու գնում կանգնում մի տեղ ու ասում` այ, հիմա ես ռադիացիան կչափեմ, որ պարզվի, որ այստեղ ռադիացիայի այնպիսի շեմ կա, որ Հայաստանում կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,– հայտարարեց Փաշինյանը։

 

Ինչ վերաբերում է Ամուլսար տանող ճանապարհները բացելուն, Փաշինյանը հիշեցրեց, որ դրա վերաբերյալ կա դատարանի որոշում, և բացի այդ` ճանապարհները բացելը կամ փակելը կառավարության գործառույթն է։

 

«ՀՀ–ում կա կառավարություն, որը, եթե անհրաժեշտություն լինի կբացի ճանապարհները, եթե անհրաժեշտություն լինի` կփակի»,– ասաց նա։

 

Իսկ հանքշահագործման թույլտվության վերաբերյալ Փաշինյանը հիշեցրեց, որ այն տրվել է իրենց իշխանության գալուց տարիներ առաջ, ու իրենք այսօր պետք է պարզեն` կա՞ այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ ոչ։

 

«Եթե կա չեղյալ կարվի։ Եթե չկա, չի արվի։ Հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշն անկում կապրի,– շեշտեց Փաշինյանը,–ես առաջին օրից չեմ առաջնորդվել Ամուլսարի հանքը փակելու կամ բացելու կանխավարկածով։ Ինձ անհրաժեշտ է եղել պարզել ճշմարտությունը հանքի մասին։ ՀՀ կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, կառավարությունը կայացնելու է որոշում ճշմարտության, օրենքի և ՀՀ պետական շահի հիման վրա»,– ասաց վարչապետը։

 

Կառավարության վերջնական որոշման ժամկետի  մասին հարցին Փաշինյանը չցանկացավ պատասխանել։

 

Քաղաքականություն