Փաշինյանի կառավարությունը ծանր ու բարդ խնդիրների ժառանգություն է ստացել. Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին․
«Ամուլսարի հարցը ոչ միայն բնապահպանական, հանրային առողջության, այլ շատ ավելի մեծ ու չլուծված խնդրի հետևանք է. ծեծված բան եմ գրելու, բայց երկրի տեսլականի, տվյալ պարագայում՝ զարգացման ուղու, տնտեսության կառուցվածքի մասին հայեցակարգի բացակայության հարց է: Ամուլսարն, այո, հետևանք է, ինչպես որ հետևանքն են շատուշատ խնդիրներ, որոնց բախվում ենք ու դեռ բախվելու ենք….
Մենք այդպես էլ չնայեցինք ու չսովորեցինք, թե նորմալ երկրներն ինչպես են լրջորեն 5, 10, 20 տարիների թիրախ դնում ու հասնում դրան՝ կլինի դա Եվրոպայում ատոմակայանների կամ գազից կախվածության փոխարինում վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրներով, ածխաթթու գազի կրճատում, ժողովրդագրական իրավիճակի բարելավում, թե մեկ այլ բան:
Մենք դա չենք արել ու շարունակում ենք չանել, չսահմանելով, թե 10 տարի հետո մեր տնտեսության կառուցվածքում հանքարդյունաբերությունն ինչ տոկոս է կազմելու, գյուղատնտեսությունը՝ ինչ տոկոս, արդյունաբերության այլ ճյուղերը՝ որքան, բարձր տեխնոլոգիաները՝ որքան, զբոսաշրջությունը՝ որքան ու այսպես շարունակ:
Մենք չենք հասկանում, որ եթե անգամ Ամուլսարի շահագործման բոլոր ռիսկերը կառավարելի էլ լինեն, ցիանիդի վաննայի կողքը բուժիչ ջրերի վաննան նոն սենս է, տուրիզմը նոնսենս է, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը նոնսենս է ու այսպես շարունակ:
Այո, Փաշինյանի կառավարությունը ծանր ու բարդ խնդիրների ժառանգություն է ստացել, բայց, ընտրությունների ժամանակ պետք է ներկայացվեր այդ հստակ տեսլականը, որ, օրինակ, այլևս բազմամետաղ նոր հանքավայրեր չեն շահոգործվելու, կամ՝ անխտիր ու առանց բացառության խստացվելու են բոլորն հանքարդյունաբերական չափանիշները, որոնք չհամապատասխանեն դրանց՝ փակվելու են, կամ՝ տարիների ընթացքում հանքարդյունաբերության ծավալները պակասեցվելու է ենթադրենք 20 տոկոսով, դրա փոխարեն տնտեսական ու այլ կորուստները փոխլրացվելու են այս, այս, այս ճյուղերի հաշվին:
Գրելու շատ բան կա, որոնք չի արվել ու որոնց մասին շատ է խոսվել՝ ՀՍՏԱԿ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ ԾՐԱԳԻՐ: Դրա համար էլ տակավին գտնվում ենք սիտուացիոն որոշումների ու խուսանավումների դաշտում: Դրա համար էլ բախվել ենք ակնկալիքների ու իրականության բախման կիզակետում, երբ հեղափոխության ժամանակ տարբեր ակնկալիքներով հանրային խմբերի սպասումները չեն համապատասխանում այն իրականությանը, որը առաջարկվում է:
Անցած տարվա ընթացքում քանիցս խոսել եմ նրա մասին, որ լրջորեն պետք է զբաղվել հանրային սպասումների ու ակնկալիքների ճշգրիտ կառավարմամբ, որ մարդկանց մի մասը հույսեր չփայփայեր, թե հեղափոխության հենց հաջորդ օրը բոլոր աշխատավարձերն ու թոշակները 100-ապատիկ աճելու են, երկիրը միանգամից դառնալու է դրախտ, Հայաստանի բոլոր հանքերը փակվելու են ու հանքերում բոլոր աշխատողները միանգամից դառնալու են լուրջ եկամուտներ ստացող զբոսավարներ, IT մասնագետներ ու այսպես շարունակ:
Դրա համար էլ այս վիճակն է առաջացել՝ հանքերում աշխատողները կամ աշխատել պատրաստվողները մտահոգված են, որ աշխատանք կկորցնեն, վտանգաշատ հանքերի փակում փափագողներն էլ զայրացած են, որ դրանք չեն փակվում: Դեռ արտաքին ռիսկերի մասին չեմ խոսում, որոնք չես հերքի՝ երկրի անկանխատեսելիության ու ու չգրավիչ լինելու մասին իմիջի ձևավորում և այլն: Էլ արբիտրաժի մասին էլ չասած:
Ասածս ինչ է. եթե լիներ տեսլական, եթե դրա շուրջ կնքված լիներ հստակ քաղաքացիական պայմանագիր ընտրողի ու նոր իշխանության միջև, այս ֆրագմենտացիան չէր լինի, էլ չասած այն անհասկանալի սառած վիճակը, որ նկատվում է Իմ քայլում՝ մեկը դեմ է, մեկը կողմ է, մեկը վախեցած է ու ենթարկվում է մրցակցի ձևավորած հանրային կարծիքին ու ինքը այդպես էլ որպես քաղաքական գործիչ չի ձևավորում այդ կարծիքը ու առաջին ճակատի վրա միայն իր թիմի առաջնորդն է, կիսկ ինքը … իր աշխատասենյակից ծիկրակում ու լուռ սպասում է…
Հանրությանը մեղադրել չես կարող, թե ինչու է ուզում առողջ ապրել: Ազնիվ մարդկանց՝ բնապահպաններին չես կարող քնննադատել, թե ինչու են իշխանությունից պահանջում, որ նրանք մտածեն տնտեսության զարգացման այլ ուղղությունների մասին, որպեսզի հանքարդյունաբերություն կոչվող աղետը չլինի: Ջերմուկցուն, գնդեվազցուն մեղադրել չես կարող, թե ինչու չի ցանկանում իր անմիջական հարևանությամբ հանք ունենալ, երբ մեկ տարի առաջ մենք՝ տավուշցիներս, մերժեցինք մեր սարերում բազամետաղ նոր հանքի որոնողահետախուզական աշխատանքները….
Կառավարությանը մասամբ հասկանում ես, որ Ամուլսարը փակելու դեպքում պետք է հաջորդ օրը փակի բոլոր բազմամետաղ հանքավայրերը, որովհետև նրանց շահագործումն ու առաջացրած ռիսկերն ավելի տեսանելի են: Դա չանելու դեպքում արտաքին աշխարհին չես կարողանալու բացատրել, թե ինչու ես հանքերից մեկը՝ առավել անվտանգը փակել, մյուսը՝ պահել, ու ինչու ես խտրական մոտեցում ցուցաբերել տարբեր երկրների ներդրողների ու ընկերությունների հանդեպ…
Կառավարությունը քաղաքացիներին չի կարող մեղադրել, երբ վերջիններս կասկածի տակ են առնում, թե այդ ինչպես են դեռևս անարդյունավետ պետական մարմիններն ու ինստիտուտները վերահսկելու նոր հանքարդյունաբերական ծրագրի ռիսկերը, եթե նրանք հենց այս պահին իրավիճակը չեն վերահսկում մյուս հանքերի դեպքում:
Կառավարությանը չես կարող մեղադրել, թե ինչու է նա մտածում ներդրումային ռիսկերի, երկրի հեղինակության կամ արբիտրաժի հետևանքների մասին, ոիրովհետև դա նրա պարտականությունն է:
Ասում եմ՝ ոչ մեկ մյուսին չի կարող մեղադրել, բայց հենց այժմ բոլորը բոլորին լավ էլ մեղադրում են… Ով խոսում է արբիտրաժից, ասում են՝ ահա, մեզ վախեցնում են: Ով խոսում է ներդրումների համար ստեղծվելիք ռիսկից, նրան մեղադրում են այլ հոգեբանական ճնշումներ գործադրելու մեջ: Ով խոսում է մեր բոլոր սարերը կանաչ պահելուց, նրան մեղադրում են վաղ 90-ականների ռոմանտիկան /ջերմուկ կծախենք, կապրենք/ վերստին օրակարգ բերելու մեջ:
Մի խոսքով՝ լիքը խնդիր, լիքը հարցեր, որոնք գալիս են նրանից, որ տվյալ քաղաքական պահի, օրվա խնդիրը շարունակում ենք չլուծել՝ սկսած ապագան հստակ չսահմանելուց, դրա շուրջ մեծամասնական կոնսենսուս ձեռք չբերելուց, պետական ինստիտուտների մոդեռնիզացիան ու բարեփոխումը հետաձգելուց, տվյալ պահի քաղաքական գայթակղություններին տուրք տալուց, ոչ քաղաքական թիմ ձևավորելուց ու այսպես շարունակ:
Ու ակնհայտ է, որ այս իրավիճակում լուծումն ու ելքը ամենևին կատեգորիկ դեմ-ի ու կատեգորիակ կողմ-ի, բացառապես բնապահպանականի կամ տնտեսական կամ քաղաքականի կամ սոցիալականի դաշտում չէ:
Անկեղծ ասած, այս բարդ պատկերում ինքս էլ կդժավարանամ ասել, թե որտեղ է լուծման կետը: Բայց մի բան վստահ կասեմ՝ հանրության շահը, որը կրկին ու բացառապես միայն բնապահպանական չէ, կամ տնտեսական չէ, սոցիալան չէ, պետք է գերակայի:
Ու իմ համեստ կարծիքով՝ այդ լուծման կետը, հարթությունը կամ միջհարթությունային տարածքը գտնելու համար պետք է վերադառնալ չարված տնային առաջադրանքին՝ պետության, տնտեսության, հասարակության ինչ տեսլական ենք ուզում տեսնել 5, 10, 20, 50 կամ 100 տարի անց…
Բայց ինչ եմ ասում՝ Հայաստանում մեծ մասի համար նաղդը նիսյաից լավն է, կարճաժամկետ՝ առօրեական պլաններն էլ հաստատ նախընտրելի են երկարաժամկետից.. Հետևաբար, ինչու «մտածել երկարաժամկետ ու լայն համայնապատկերով», եթե նաղդն ու հենց հիման թելադրում են շատերին….»։