ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրացին և հայը Հաղարծին գյուղում բնակարան են թալանել

Օգոստոսի 22-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը, ժամը 10․30-ից 11․00-ն ընկած ժամանակահատվածում Հաղարծին գյուղի իր առանձնատնից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներին տուժողը հայտնեց, որ տուն են մտել ննջասենյակի պատուհանից։ Հափշտակել էին պահարանում պահվող 1․100․000 և մահճակալին դրված 40․000 դրամը։
Նույն օրը հարուցվեց քրեական գործ։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողներին հաջողվեց պարզել բնակարանային գողությունը կատարած անձանց ինքնությունը։

Օգոստոսի 24-ին նրանք հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Դիլիջանի բաժին։ Երեք տղամարդկանցից մեկն ազգությամբ վրացի էր։

Իրավապահները պարզեցին, որ գողության շուրջ նախնական համաձայնության էին եկել օգոստոսի 21-ին, իսկ հաջորդ օրը նախապես կատարված դերաբաշխումներով մեկնել էին Հաղարծին գյուղ։

Տուժողին հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նույն օրը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում գտնվող «Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և Բ8 գրառմամբ դեղահաբ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։

Քաղաքականություն

Պատահարներ