Կույրերի միավորման Գյումրիի արտադրական ձեռնարկությունն իր ներկերը մոտ 1 ամսից վաճառքի կհանի

Կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկության արտադրած ներկերը մոտ 1 ամսից մուտք կգործեն շուկա։ Հայաստանի բնական քարերի փոշուց ներկանյութ ստանալու գաղափարն ընկերությանը հաջողվեց արտադրության վերածել 1․5 տարի առաջ։ Տեսողական խնդիրներ ունեցող անձինք փորձնական արտադրանք են տալիս, գեղանկարչության մեջ կիրառվող ներկերի նոր որակներ են ստանում։ 
Հայաստանի լեռների ու ժայռերի քարերի փոշուց բնական ներկեր ստանալու տեխնոլոգիային տիրապետելու համար Կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունում երկար տարիներ փորձարկումներ են կատարվել։ 2002 թվականից էին պատրաստ ներկանյութերի տեղական արտադրություն սկսել։ Բայց բիզնես-ծրագիրը չֆինանսավորելու պատճառով երկար տարիներ մնում էր ընդամենը լավ գաղափար։ Ձեռնարկության գործադիր տնօրեն Լևոն Ափոյանն ասում է, որ բանկը մերժել էր վարկ տալ հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ընկերությանը։ Բայց 1․5 տարի առաջ նույն իրավաբանական կարգավիճակով հաջողվեց վարկ ստանալ: 

Ներկերի արտադրության մեկնարկը եղավ 3․5 մլն դրամ վարկային միջոցներով: Թեև ֆինանսավորման այն չափը չէր, որով հնարավոր կլիներ բոլոր սարքավորումներն ու հումքը ձեռք բերել։ Խնդիրը հասավ նույնիսկ երկրի նախագահին, դիմումներ ուղղվեցին, որոնց պատասխանը չուշացավ, Արմեն Սարգսյանի այցը ընկերություն՝ նույնպես: Նախագահը նվիրատվություն կատարեց 6 մլն դրամի չափով, արտադրամասի գործարկման հաջող ընթացքի համար էլ պատին թողեց իր ստորագրությունը և իր ձեռքով արված նկարը: 
Բնական ներկերի տեղական արտադրությունն 8 ամսում ընդլայնվել է, ընկերությունը համապատասխան սարքավորումներ է գնել, որոնք ներկերի կոմպոնենտները խառնելու ու նոր, որակյալ գույներ ստանալու համար են։ Ներկերի արտադրամասի վարպետ Սամվել Երանոսյանի խոսքերով՝ գույները հիմնականում ստանում են տարբեր գույնի քարերից։ 
Մանրացրած քարի փոշու հետ խառնում են կտավատի ձեթ, խխունջի մանրացրած հատիկներ, նաև անագ, ցինկ, սպիտակ ներկի համար էլ օգտագործվում է տիտան։ Ըստ տնօրենի՝ իրենց դեռ չի հաջողվել ապահովել անվանի ֆիրմաների ներկերի 100 տոկոսանոց որակ, բայց 80 տոկոսանոց արդյունք արդեն ունեն։ Քարի փոշու գույնից է կախված պատրաստվող ներկի գույնը։ Հնարավորություն կա ձեռնարկությունում ստանալ մինչև 26 գույն տեղական յուղաներկ։ Ընդ որում, տեղական ներկերը 2-3 անգամ ավելի էժան են, քան ներկրվածները։ Կույրերի միավորման Գյումրիի ձեռնարկության արտադրած ներկերի որակն արդեն գնահատել են Հայաստանի նկարիչների միության անդամները: Փորձել են իրենց գեղանկարներում օգտագործել ու դրական եզրակացություն են տվել: Արտադրամասի պատերի նկարները ևս տեղական արտադրության ներկանյութերով են նկարված: Մեկն էլ նախագահին են նվիրել: Հայաստանի քարերի փոշին մինչև հիմա հումք է նաև Սանկտ Պետերբուրգի ներկանյութերի գործարանի համար: Ընկերությունն առայժմ կենտրոնացած է ներկանյութերի արտադրության վրա, շինարարական ներկի թողարկման մասին կմտածեն հետո: Գեղանկարչական ներկանյութերի մուտքը շուկա նախատեսում են մեկ ամսից: Լավ վաճառք ապահովելու դեպքում ծրագրել են գումարներն ուղղել նոր սարքավորումների ու լաբորատոր հարմարանքների ձեռքբերմանը։ 
 

shantnews.am՝ Կարինե Կազարովա 

Քաղաքականություն