Եղանակի ու մեղուների անկման պատճառով այս տարի Հայաստանում մեղրի բերքը 3-4 անգամ պակաս է ստացվել
Մեղվապահները դժգոհում են մեղրի այս տարվա բերքից: Նախորդ տարվա համեմատ, Շիրակի մարզում ու հանրապետության այլ բնակավայրերում բերքատվության ցուցանիշը 3-4 անգամ պակաս է: Նախորդ տարի ստացված մեղրի ընդհանուր ծավալը մարզում եղել է մոտ 900 տոննա:
Մեղվապահները մի քանի պատճառ են նշում, բայց հիմնականում մեղվաընտանիքների վրա վատ ազդեցություն է ունեցել եղանակը, բացի այդ, մեղուների մեջ տարածված հիվանդություններն են վնաս հասցրել: Շիրակի մարզում կա 19 հազար 600 մեղվաընտանիք:
Աշխարհում մեղուների վերացումը կհանգեցնի նաև մարդկության վերացմանը։ Բնության մեջ այս միջատների կենսական կարևորությունն այսպես է գնահատել անվանի ֆիզիկոս Էյնշտեյնը: Որ առանց մեղուների բնությունը կվերածվի չոր ու ամայի տարածքի, բոլոր մեղվապահների համոզմունքն է: Միշա Ղազարյանը 30 տարվա մեղվապահ է:
Մեղուների պարսը քչացել է, բնության մեջ կլիմայական կտրուկ փոփոխությունները խանգարել են նրանց զարգացմանը։Միշա Ղազարյանն իր մեղվափեթակներով է ապացուցում: Անվավոր քարշակով գարնանը տեղափոխել էր Արարատյան դաշտավայր ու տեսել, որ այս տարի բուսականությունը նվազ է, նույնիսկ սարերում ծաղիկներ չեն եղել։
«Անձրևների պակասի պատճառով բուսականությունը շատ սակավ էր, ծաղիկներն անգամ շատ քիչ էին այս տարի, համեմատաբար մյուս տարիների, բույսը շատ նվազ էր»,-ասում է մեղվապահ Միշա Ղուկասյանը։
Ծաղիկների ու բուսականության պակասի հիմնական պատճառն անձրևների սակավությունն է: Չորային եղանակների պատճառով էլ սեզոնին մեղվապահները ստիպված են եղել մեղուներին հաճախ տեղից տեղ տանել: Աշոցքի ու Ամասիայի ալպիական մարգագետիններից բացի, մեղվապահն իր փեթակները հասցրել էր մինչև Ղարախաչի յայլա, որը հայտնի է իր քամիներով:
«Առաջին անգամ ստիպված տարել ենք Ղարախաչ, որը գտնվում է 2350 մետր բարձրության վրա, տարածքը կանաչ է, բայց էնտեղ կլիմայական պայմանները շատ ռիսկային են, կտրուկ փոխվում են: Հունիսի 1-ին 3 աստիճան մինուս եղավ, ջուրը հարթակի վրա 3մմ սառել էր, այդ դեպքում բուսականությունն ընդունակ չէ նեկտար արտադրելու»,- եղանակային վատ պայմանների մասին է պատմում մեղվապահը:
Փեթակներում տեղադրված յուրաքանչյուր շրջանակից, եթե նախորդ տարի ստացվել է 4-5 կգ մեղր, այս տարի դրա կեսն են ստացել:
Միշա Ղազարյանն Արարատում է նկատել, որ մեղուները թռիչքից հետո չեն հասնում փեթակներին, սկսում են սատկել, պատճառ են հանդիսացել մոտակա այգիներում պրոֆիլակտիկ սրսկումները, ինչից մեղուները վարակվել են նոր հիվանդությամբ։ Դա հնարավոր է եղել պարզել միայն լաբորատոր հետազոտություններով:
«Էս տարի նոր հիվանդություն եղավ ՝ վիրուսային պարալիչ, մենք ուղարկեցինք մեղուն Երևան՝ լաբորատորիա, նայեցին, ասեցին, որ էդպիսի վիրուսային հիվանդություն է տարածվել»,- ասում է Միշա Ղուկասյանը։
Հայաստանում գործում է Մեղվապահների ազգային ասոցիացիա, բայց տեղի մեղվապահներին մասնագիտական խորհրդատվություն չի ցուցաբերվում, իրենք էլ հենվում են միայն ունեցած փորձի վրա, ինչն էլ նոր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքար տանելու համար բավարար չէ:
Մեղուների բուժումից բացի, պարտադիր է փեթակների ախտահանումը: Իսկ այստեղ մարդկային գործոնն աննշան է, մեղվապահներին օգնում են ժրաջան միջատները: Հենց մեղուների արտադրած ակնամոմը բնական հակաբիոտիկ է համարվում, որով ծածկում են ամբողջ փեթակն ո պաշտպանվում արտաքին վիրուսներից:
Մեղրի բերքի պակասն այս տարի շուկայում կարող է նոր գին թելադրել: