Ինչու՞ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հիվանդին չի տրամադրել հասանելիք անվճար դեղորայքը. պարզաբանում

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին չի տրամադրել դեղերը, որոնք պետք է անվճար տրամադրվեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Արիս Վաղարշակյանը, ում հայրը՝ Գառնիկ Վաղարշակյանն, օրերս մահացել է հիվանդանոցում:

Արիս Վաղարշակյանը նշեց, որ խոսքը Մինովեն, Հեպատոպրի դեղերի մասին է:

«Խնդիրն ամենևին գումարը չէ,  քանի որ մենք գնել ենք մեր հոր համար, պարզապես սա այս հիվանդանոցի հերթական ապօրինություններից է»,- ասաց նա:

Վաղարշակյանը պատմեց, որ ընթացքում չեն արվել նաև անհրաժեշտ հետազոտությունները: Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին՝ 2-րդ քիմիաթերապիայից հետո, հայրը վատ է զգացել, բայց բժիշկները խորհուրդ են տվել տնային պայմաններում կաթիլային բուժում ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է:  

Հարազատները պնդել են, որ հիվանդին հոսպիտալացնեն: Ըստ Արիս Վաղարշակյանի՝ 5 օր վճարովի պալատում պառկելուց հետո չի արվել ո՛չ KT, ո՛չ կոլոնոսկոպիա, ներարկել են «Զոլադեքս» դեղամիջոցը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ հիվանդի մոտ տոկսիկացիա էր:

Tert.am-ը տեղեկացավ, որ կա ԱՆ նախարարի 2019 թ. հուլիս 4-ի 18.42 Ա հրաման, որի 3-րդ հավելվածով սահմանված է, որ եթե դեղի գումարի չի գերազանցում 15.000 դրամը, ապա այն հիվանդին տրամադրվում է անվճար:

«2019 թ. հուլիս 4-ի 18.42 Ա հրամանի 3-րդ հավելվածով սահմանված է, որ գներում ընդգրկված չէ մետաղական կոսնտրուկցիաների, պրոթեզների, ինչպես նաև մեկ միավորի (ամբուլահատ ֆլակոն և այլն արժեքը) 15000 դրամը գերազանցող դեղամիջոցների, բացառությամբ անզգայացման համար օգտագործվող արժեքը»,- ասված է հրամանում:

Tert.am-ը պարզեց, որ Մինովեն, Հեպատոպրի դեղերի արժեքը չի գերազանցում 6000 դրամը՝ Հեպատոպրին՝ 5300 դրամ, Մինովենը՝ 6000-6500 դրամ: Ստացվում է՝ այս դեղամիջոցները հիվանդանոցը պարտավոր է տրամադրել, քանի որ այն չի գերազանցում սահմանված 15.000 դրամի շեմը:

Խնդրի հետ կապված Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համապատասխան հրամանը ստացել են, բայց պարզաբանեց, որ կարող է լինել իրավիճակ, որ հիվանդանոցն այդ պահին չունենա դեղորայքը:

«Հնարավոր է՝ հրատապ իրավիճակի դեպքում առաջացել է պահանջ, ու հարազատներն իրենք են գնել: Ինչպես նաև ՀՀ օրենսդրության համաձայն՝ մենք պետք է տենդեռ հայտարարենք, որ այդ դեղորայքը հիվանդանոցն ունենա, բայց հրամանը ստանալուց անմիջապես հետո հնարավոր չէ տենդեռ հայտարարել: Տենդեռն արդեն կազմակերպված է, բայց պրոցեսի մեջ է»,- մանրամասնեց Վարուժան Շահսուվարյանը

Նշենք նաև, որ Արիս Վաղարշակյանն իր հոր՝ Գառնիկ Վաղարշակյանի մահվան մասով հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ:

Կից ներկայացվում են հարազատների կողմից գնված անվճար հատկացվող դեղերի կտրոնները:

Քաղաքականություն