Հասարակություն Կարևոր

«Խայտառակ ենք լինում աշխարհով մեկ, տուրիստներն անմիջապես աղբ են նկարում». Կարինե Դանիելյան

WRed 388 դիտում
«Խայտառակ ենք լինում աշխարհով մեկ, տուրիստներն անմիջապես աղբ են նկարում». Կարինե Դանիելյան

«Վատ աղբահանությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կարող է առաջացնել: Ամենավտանգավորը, որ կարող են առաջանալ, էպիգենիաներն են,  որովհետև աղբի հետևանքով զարգանում են միջատները և այն միկրոբները, որոնք առաջացնում են տարբեր տեսակի հիվանդություններ: 2-րդը` գարշահոտությունն է, իսկ  3-րդը՝  որոշ վայրերում այրում է տեղի ունենում, ինչի հետևանքով օդային ավազանն աղտոտվում է թունավոր տոքսիկ նյութերով»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով` բազմաթիվ երկրներում ընդունված է աղբն այրելու մշակույթը, սակայն դա կատարվում է շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի տոքսիկ նյութերը ոչ թե առաջանան, այլ քայքայվեն: Իսկ մեր երկրում, եթե քաղաքացիները փորձեն  ինքնուրույն նման ճանապարհով վերացնել աղբը, ապա դա մեծ վնաս կհասցնի մթնոլորտին:

«Մենք վաղուց պետք է անցում կատարեինք աղբի տեսակավորմանը և վերամշակմանը: Ամիսներ առաջ Մոսկվայից ինձ մի հայ գործարար էր դիմել, որ  այստեղ կազմակերպեր աղբի վերամշակում: Տևական ժամանակ դիմել է բոլոր պատկան մարմիններին: Նրան տարածք չեն տրամադրել և թույլ չեն տվել աշխատել»,- ասաց Կարինե Դանիելյանը: 

Նա նաև ընդգծեց այն փաստը, որ այժմ տուրիստական շրջան է և զբոսաշրջիկներն այցելելով մեր երկիր` առաջինն ականատես են լինում աղբակույտերի: 

«Տաքսու վարորդն ինձ պատմեց, որ տուրիստների է տեղափոխում, և հենց մտնում են քաղաք ու տեսնում են այդ աղբը, անմիջապես սկսում են նկարել: Խայտառակ ենք լինում աշխարհով մեկ»,- ասաց  բնապահպանը: 

Կարինե Դանիելյանն ընդգծեց  նաև, որ այս ճգնաժամային պարագայում օպերատիվ լուծումներ են պետք:  Օրինակ, Եվրամիությունը նպատակ է դրել 0 թափոն: Երկրներ կան, օրինակ, Ֆինլանդիան և այլ մերձբալթյան երկրներ, որտեղ հորած թափոնների տոկոսը իջել է 1 կամ 2 տոկոսի: 

«Հայաստանում դա տեղի չի ունենում էկոլոգիական մշակույթի բացակայության պատճառով: Մեզանում բարբարոսական պատկերացում ունենք շրջակա միջավայրի մասին: Ունենք առանձին երիտասարդներ, որոնք պայքարում են, բայց երբեմն ապշեցուցիչ երեւույթների էլ ես ականատես լինում: Մեզ մոտ էկոլոգիական խնդիրը միշտ վերջին կետում է»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250