Աղբահանությունը պետք է կատարվեր պարգևավճարների, ոչ թե մանկապարտեզների վերանորոգման բյուջեի հաշվին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին ապշեցնում են Երևանի քաղաքապետարանի գործելաոճն ու խնդիրներին լուծում տալու տարբերակները, սակայն այս անգամ ոչ դրական իմաստով:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի գործունեությունը և հասարակություն հետ հաղորդակցումն իրար հետ պետք է լինեն ներդաշնակ, թափանցիկ ու հակակշիռներով, որովհետև քաղաքն ունի խնդիրներ, որոնց անհրաժեշտ է լուծում տալ:
«Քաղաքապետարանը պետք է հասկանա, որ սխալվելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ամեն ինչ անում են, որ կողքինները չկարողանան իրենց հուշել, թե ինչ անեն, որ չսխալվեն: Իսկ քաղաքապետարանը գործում է այն մեթոդաբանությամբ, որ որտեղ կան խոցելի խնդիրներ, կա մտածելու անհրաժեշտություն խուսափելու քննարկումներից: Իրականում, պետք է ոչ թե խուսափել կոնսեսուսի գնալուց կամ առաջարկներ լսելուց, այլ պետք է փորձել լուծումներ գտնել: Ցավոք սրտի, քաղաքապետարանն այս ճանապարհով չի գնում՝ կայացնելով որոշումներ, որոնք ուղիղ հակասում են այն մեթոդաբանությանը, որով թվում էր, թե պետք է աշխատեն»,- ասաց նա:
Պիպոյանն այս համատեքստում խոսեց աղբահանության հետ կապված խնդիրների մասին: Նրա կարծիքով՝ այս խնդիրը պետք է դիտարկել 2 հարթության մեջ՝ արդյո՞ք խնդրի լուծման համար ընտրված մեթոդը ճիշտ է, այսինքն՝ համայնքային հիմնարկի միջոցով աղբահանություն իրականացնել, երկրորդ՝ համայնքային հիմնարկն ինչ բյուջեով է իրականացնում աղբահանությունը:
«Շեշտադրումն այն է՝ արդյո՞ք աղբահանությունը քաղաքապետարանն ինքնուրույն պետք է անի՝ ստեղծելով համայնքային հիմնարկ, թե պետք էր այլ մեխանիզմով գնալ, օրինակ՝ ներգրավել նոր օպերատոր, բերել շարժակազմեր՝ որպես պետական անվտանգության բարձիկ, բայց շահագործման հանձնել այլ ընկերություն և այլն: Բայց հարցի մյուս կողմը համայնքային հիմնարկի ձևավորման համար օգտագործվող միջոցներն են: Այստեղ առնվազն տարօրինակ կլինի չհիշել այն բյուջեն, որով սկսել է աշխատել քաղաքապետարանը, այն բյուջեն, որի քննարկումների ժամանակ հնչել են կոշտ քննադատություններ: Մաքրե՞նք քաղաքը, թե՞ չմաքրենք, հարցին որևէ մեկը չի պատասխանելու, չմաքրենք, քանի որ որևէ մեկը չի տխրելու մաքուր քաղաքից կամ նոր շարժակազմերից, բայց ինչի՞ հաշվին և ո՞նց»,- նշեց Պիպոյանը:
Սպառողների պաշտպանը հիշեցրեց, որ կարմիր գծերի վերացման քննարկումների ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ դրանք վերացնելու պարագայում չեն կարողանալու վերանորոգել մանկապարտեզները և այլն: Նա նկատեց, որ Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ մեծ քննադատության արժանացավ պարգևավճարների ավելացումը, որը գրեթե եռապատկվեց:
«Իրենք ասում էին, որ գիտեք, եթե մենք գնում ենք այս բյուջեի ավելացմանը, դեռ չի նշանակում, որ այն ծախսելու ենք: Արդյունքում պարգևավճարների բյուջեն 750 մլն դրամից դարձրեցին մոտ 2 մլրդ դրամ, այսինքն՝ պարգևավճարների ու գործողումների գումարը 1 մլրդ 250 մլնով ավելացրին: Այսօր, երբ պետք է լուծել աղբահանության խնդիր, կրճատում են ոչ թե պարգևավճարների համար նախատեսված գումարը, այլ մանկապարտեզների հիմնանորոգման ու վերանորոգմանն համար նախատեսված գումարները: Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, որ մինչև տարվա վերջ չէին հասցնելու շինարարություն անել, դրա համար են այս գումարից վերցնում և այլն, բայց սրա համար էլ կա լուրջ հակափաստարկ՝ մեր մանկապարտեզներում խոհանոցային վիճակն այպիսի՞ն է, որ մենք մեզ թույլ տանք ևս մեկ տարի չվերանորոգել»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:
Վերջինս կարծում է, որ քաղաքային իշխանությունն առաջին հերթին պետք է լինի ազնիվ ու կարողանա առկա գումարները արդյունավետ ծախսել:
«Մի օրինակ բերեմ, որ երբ մենք փողոցում տեսնում ենք սոված երեխայի, վատ հագնված և կեղտոտ, ապա ամեն մեկը կարող է իր կողմից ինչ-որ բան գնել: Եթե մենք վաղը նույն երեխայի հագին տեսնենք ամենաթանկ բրենդային հագուստը, կուրախանանք, որ ինչ-որ մեկը տվել է նվեր, բայց եթե պարզենք, որ թանկ սպորտային համազգեստ տվել են, բայց ուտելիք չեն տվել, նրան չեն լողացրել և այլ, ապա արդեն աննորմալ կլինի մարդը, որ բրենդային ամենաթանկ հագուստի համար գումար է վճարել՝ չկատարելով առաջնայինը: Այսինքն՝ նույն գումարը ծախսելով երեխան կարող էր հագնվել, լողանալ ու կշտանալ»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը: