Հայաստանում թուրքական անասնաբուժական դեղեր չեն վաճառվում, Վիետնամից խոզի միս չի ներկրվում. ՍԱՊԾ
Մսամթերքի շուկայում հանրապետության մակարդակով լայնածավալ վերահսկողական աշխատանքներ են իրականացվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ Խորենացու (ԳՈՒՄ-ի - խմբ.) շուկային, ապա այնտեղ այլևս չկա մի տաղավար, որտեղ սառնարան չլինի, և մսամթերքի վաճառքի սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանվեն։ Շուկան պարբերական ստուգումների գոտում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն՝ անդրադառնալով երեկվանից մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ վերոնշյալ շուկայում բրուցելոզի հետևանքով սատկած անասունի միս է վաճառվում։
Մեր զրուցակցի խոսքով՝ նման անպատասխանատու և չհիմնավորված հայտարարություններ հնչեցնող անձը՝ ֆերմեր Տիգրան Եղոյանը, ով նաև պնդել էր, որ ականատես է եղել անկած ձիու մսի՝ երշիկի արտադրամաս ուղարկելու գործընթացին, անջատել է հեռախոսը և ՍԱՊԾ բոլոր ջանքերը, վերջնիս հետ կապ հաստատելու և լրացուցիչ պարզաբանումներ ստանալու, ապարդյուն են անցնում։
«Կարծում եմ՝ նա պետք է որոշակի բացատրություններ տա իր հայտարարությունների վերաբերյալ։ Հակառակ ֆերմերի պնդումների՝ Հայաստանում թուրքական արտադրության անասնաբուժական դեղեր չեն վաճառվում, ՀՀ Վիետնամից խոզի միս չի ներկրվում, 50 տոկոս վարակվածության մասին խոսք լինել չի կարող, վերահսկողության խստացումից հետո էլ այդ թիվը 5 տոկոսը չի գերազանցում», - նշեց նա։
Անուշ Հարությունյանը հիշեցրեց՝ իրենք գործողություններ իրականացնում ենք բողոքների հիման վրա և իրենց ստուգումների ծրագրի շրջանակներում։
«Իսկ բողոքներ, որ ինչ-որ մեկը հիվանդ անասունի միս է գնել և այս կամ այն հիվանդությամբ վարակվել, մենք չենք ունեցել։ Իհարկե, բողոքներ եղել են, որ միսը հին է եղել կամ, ասենք, խոզի մսի փոխարեն տավարի միս են վաճառել, բայց հայտարարություններ անել, որ հանրապետության բոլոր շուկաներում բրուցելոզով հիվանդ միս է տարածված, մեծ պատասխանատվություն է», - ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: