
Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։
Հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ, Աննա Նաղդալյանը պատասխանել է․
«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: