Կտուժեն տուժածները, կշահեն շահածները. Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքը. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերց­մամբ և ամբողջությամբ գրեթե միաձայն՝ 114 կողմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություն­ներ կատարելու մասին օրինագիծը: Կողմ էին քվեարկել նաև ընդդիմադիր խմբակցությունները: Նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառու­թյուն ունեցող բիզնեսները կվճարեն շրջա­նառության հարկ՝ խուսափելով ավելաց­ված արժեքի հարկից:

 

Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտա­հարկի համահարթեցումն է: Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար՝ մինչև 150.000 դրամ, 150.000-ից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար: 

Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, սակայն, սա համարում է ռիսկային. «Եթե գնում ես նման մոդելի, ապա դա ենթադրում է՝ պետությունից շատ բան չակնկալեք: Բյուջեն գնում է փոքրաց­ման ռեժիմով: 

Սոցիալական շատ գործա­ռույթներ թողնում են բիզնեսի, աշխատող­ների վրա, որ նրանք իրենց գլխի ճարը տեսնեն: Մենք առողջապահության, սոցիա­լական ոլորտում ակնկալիքներ ունենք: Այ­սօր մի քիչ ստվերը կրճատվել է, բյուջե շատ փող է մտել, բայց դա ժամանակավոր է, հավերժ չէ, ու կարող է լուրջ խնդիր ծա­գել: Այս փոփոխության հետևանքով մինչև 200.000 դրամ ունեցողներից են վերցնում: Կարող է՝ այն խավը, որ մի քիչ ավելի լավ վաստակում, նրանց վիճակն ավելի լավանա, իսկ մինչև 150.000 դրամ ստացողներ վիճակը կարող է վատթարանալ: Մենք կարող ենք կորցնել մինչև 150.000 դրամ ստացողներին: Կարող եք հարցնել տարբեր մարդկանց, թե ում աշխատավարձն ինչքանով ավելացավ փետրվարի մեկից. մինչև 150.000 դրամ ստացողները պատասխանելու են՝ զրո: Իսկ դրանից բարձր ստացողները լավ թիվ են ասելու»»:


Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Պատահարներ