Մրցույթում անհիմն մերժվել է առավել էժան և օգտավետ առաջարկի հայտը. քրգործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների («Հրապարակ» օրաթերթի) հրապարակումների և ՀՀ վերահսկիչ պալատի հրապարակած հաշվետվությունների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. փետրվարի 2-ին հաստատել է շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգ` նախարարության կարիքների համար գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման նպատակով: Նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից համապատասխան չափաբաժնի մասով 15.508.150 դրամ գնային առաջարկով ընտրված է ճանաչվել մի ՍՊԸ, որն առաջարկել է 250 գ/լ ցիպերմետրին ազդող նյութ պարունակող բույսերի պաշտպանության «Ցիպեր մաքսի» միջոց: Սակայն միևնույն ժամանակ մրցույթի շրջանակում մեկ այլ ՍՊ ընկերություն ներկայացրած հայտով առաջարկել է բույսերի պաշտպանության «Ռիպկորդ» միջոց, որում ցիպերմետրին ազդող նյութը կազմում է 400 գ/լ, և որի գնային առաջարկը եղել է 12.616.800 դրամ: Սակայն գնահատող հանձնաժողովը մերժել է այս ՍՊԸ-ի հայտը` պատճառաբանելով, որ առաջարկվող թունանյութի տեսակը չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ: Մինչդեռ վերը նշված 2 ընկերությունների առաջարկած բույսերի պաշտպանության միջոցներն էլ գրանցված են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 25.02.2011թ. թիվ 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում և երկուսի դեպքում էլ որպես ազդող նյութ նշված է ցիպերմետրինը: Այսինքն, առաջարկած «Ռիպկորդ» թունանյութի տեսակը, որպես բույսերի պաշտպանության միջոց, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար նույնպես թույլատրված է: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գնահատող հանձնաժողովի պատճառաբանությունն առ այն, որ վերջինս չի կիրառվում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Այսպիսով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել տվյալ ժամանակ գործող «Գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված՝ գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման պահանջը: Այսինքն առանց բավարար հիմնավորման, իրականությանը չհամապատասխանող պատճառաբանությամբ մերժել են ընտրված մասնակցից 2.891.350 դրամ պակաս գնային առաջարկով, միևնույն ազդող նյութի 150 գ/լ-ով ավելի պարունակությամբ բույսերի պաշտպանության միջոց ներկայացրած ընկերության հայտը` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Պատահարներ