Թմրեցրել է տաքսու վարորդներին ու հափշտակել նրանց մոտ առկա գումարը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է տաքսու վարորդների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ գործով դատավարությունը։
Նախօրեին նշանակված դատական նիստը տեղի ունեցավ 2 ժամ ուշացումով. Դատարանն սպասում էր դատախազի ժամանելուն, ով հայտարարեց, թե ուշացել է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստում ցուցմունքներ տվեցին տուժողներից մեկը եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Վերջիններս, մասնավորապես, պատմեցին, թե ինչ հանգամանքներում են տեսել տուժողին եւ մեղադրյալին։
Այսպես՝ ըստ գործով վկա ՃՈ 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի ցուցմունքի՝ Արման Խաչատրյանի հետ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում իրենց ոստիկանական ծառայությունն իրականացնելիս են եղել, երբ առաջին անգամ տեսել է ամբաստանյալ Ավետիս Շառոյանին:
«Արման Խաչատրյանի հետ ծառայություն էինք իրականացնում, երբ կարմիր գույնի «Օպել» մակնիշի ավտոմեքենա նկատեցինք, որի հետևի լուսարձակները չէին աշխատում: Ավտոմեքենան կանգնեցրել ենք՝ վարորդին չաշխատող լուսարձակների մասին զգուշացնելու համար: Մեքենան վարում էր Ավետիս Շառոյանը»,-ասաց գործով վկա Կարեն Աբազյանը:
Աբազյանի խոսքով՝ մեքենան կանգնեցնելուց հետո ամբաստանյալը իջել է մեքենայից, մոտեցել իրեն և ցույց տվել իր անձնագիրը, իսկ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
«Ավետիս Շառոյանի ներկայացմամբ՝ տաքսիով երթևեկելիս են եղել, երբ ճանապարհին վարորդը վատացել է և խնդրել իրեն, որ մեքենան ինքը վարի։ Մեքենայում, ըստ Շառոյանի, բացի իրենից և ինքնազգացողությունը վատացած տաքսու վարորդից կար ևս մեկ ուղևոր, որը գրեթե չէր խոսում»։
«Երբ մենք խոսում էինք Շառոյանի հետ, հետևում նստած տաքսու վարորդն իջավ մեքենայից։ Նա շատ դժվարությամբ էր խոսում, միայն ասաց, որ վատ է զգում։ Մենք էլ մոտ 5 րոպե նրան նստեցրել ենք քարի վրա և ջուր տվել»,-ասաց Կարեն Աբազյանը։
Վկաների խոսքով՝ Կարեն Աբազյանն իր ծառայողական ավտոմեքենայով վատ զգացող տաքսու վարորդին տեղափոխել է հիվանդանոց, իսկ ծառայակից Արման Խաչատրյանը մնացել է Ավետիս Շառոյանի և տաքսու մյուս ուղևորի հետ։
«Երբ ընկեր Աբազյանը տաքսու վարորդին տարավ հիվանդանոց, Շառոյանն ասաց՝ դե, մենք գնանք, իսկ ես ասացի, որ ոչ մի տեղ չեմ թողնի գնան ու Շառոյանին մյուս ուղևորի հետ՝ իմ «Օպել»-ով տարա հիվանդանոց»,-պատմեց գործով վկա ՃՈ հերթապահ Արման Խաչատրյանը։
Ըստ դատարանում տված նրա ցուցմունքի՝ երբ տաքսու վարորդի ինքնազգացողությունը լավացել է, ՃՈ աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին, իսկ Ավետիս Շառոյանը դեպքից մոտ մեկ ժամ հետո զանգահարել է և ասել, որ ամեն ինչ լավ է, արդեն տուն են գնում։
Դատական նիստին որպես տուժող ցուցմունք տվեց նաև մեկ այլ տաքսու վարորդ՝ Միսակ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ավետիս Շառոյանը մեկ այլ անձի հետ նստել է իր վարած տաքսի ավտոմեքենան և ասել, որ ուղևորվեն Մարտունի։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ այսպես կոչված «Աբովյանի գայի պոստի» մոտ իջել են մեքենայից և ապարատից սուրճ խմել։ Մնացած ճանապարհին Շառոյանն ասում էր, որ կամաց քշեմ, որովհետև վախենում է։ «Չայնիի» ոլորանների հատվածում արդեն ինձ լավ չէի զգում, ոնց որ ճնշումս բարձրանար. ինքնազգացողությունս վատացավ, ու ես այլևս չկարողացա քշել։ Մեքենան կանգնեցրի ու ասացի՝ լավ չեմ զգում, Շառոյանն էլ թե՝ կտանեն Սևանի հիվանդանոց։ Շառոյանը և մյուս ուղևորը ինձ տեղափոխեցին մեքենայի հետևի նստատեղին ու էլ ոչինչ չեմ հիշում։ Ճանապարհին մի պահ զարթնեցի Թբիլիսյան խճուղու յատվածում և տեսա, որ հեռախոսս իր տեղում չէր, դրանից հետո էլ չեմ հիշում, թե ոնց եմ տուն հասել։
Հավելենք, որ տուժողին շտապօգնության մեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխել է իր կինը։
Տուժողն իրեն հասցված վնասի չափը գնահատում է մոտ 100 հազար ՀՀ դրամ, որն, ըստ նրա ՝ «Samsung j6» մոդելի հեռախոսի, տուփով ականջակալների արժեքն է, ի հավելումն՝ 18 հազար ՀՀ դրամ ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հունանյանը, իր ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Շառոյանը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նստել է տուժողի «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել ուղևորվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ: նախնական քննության տվյալներով՝ ուղևորը ճանապարհին վարորդին սուրճ է հյուրասիրել, որից հետո վերջինիս ինքնազգացողությունը Երևան-Սևան ավտոճանապարհին վատացել է, նա քնել է, իսկ մեքենան վարել է ուղևորը՝ ուղեւորվելով Քանաքեռ վարչական շրջանի գերեզմանների ուղղությամբ, որտեղ արթնացած, բայց ֆիզիկապես թույլ գտնվող վարորդի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը՝ 5.000 դրամ, և երկու բջջային հեռախոս:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում