ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից . «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ընդհանուր իրավիճակը, իրադարձությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ և հակամարտության գոտում զարգացել են ալիքաձև տատա­նումներով: Վերջին ամսվա ընթացքում՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից ու հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, աստիճանաբար սկսեց սրվել պատերազմի հռետորաբանությունը Երևա­նի և Բաքվի միջև: Իսկ վերջին օրերին քաղաքական լարվածությունը վերա­փոխվել է ռազմական լարվածության արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում: Ու որքան էլ ցա­վալի է, այնուամենայնիվ, իրականում սա բավական կանխատեսելի զարգացում է, որի մասին մեր նախորդ վերլուծություն­ներում շատ ենք գրել: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ նախկին ռեժի­մի առանցքը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այս լարվածության և սահմանում հայ զինվորի վիրավորման համար մեղադ­րում են գործող իշխանությանը ու հատ­կապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թավշյա հեղափոխության օրերին ադրբե­ջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայու­նությունից: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո, հատկապես ամռան ամիսներին հայ-ադրբեջանական հակա­մարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում: Փաշինյանն ու Ալիևը փո­խանակվում էին սուր հայտարարություննե­րով: Ալիևը քննադատում էր ՀՀ նոր ղեկա­վարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բա­քուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշ­տոնական Ստեփանակերտի հետ: Փաշի­նյանն էլ քննադատում էր Ալիևին ԼՂ կոնֆ­լիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար: Այս լարվածու­թյունն իր գագաթնակետին հասավ սեպ­տեմբերի կեսերին: Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Ար­ցախի առաջնագծում: ՀՀ նոր ղեկավարը մի­ջազգային մամուլին տված հարցազրույցնե­րում բացատրել էր, որ դա խաղաղասիրա­կան քայլ է իր կողմից, որովհետև հասկա­նայի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատե­րազմ սկսվի»: Մինչդեռ Ալիևի որդին՝ կրտսերը, սեպտեմբերին զորակոչվեց զին­վորական ծառայության Բաքվի զորամասե­րից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, և ռազմական հռետորաբանությունն էլ գրեթե բացակայում էր: Սա վերջին տարի­ների կտրվածքով ամենաերկարատև խա­ղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս ընթացքում դիվանագիտական- քաղաքական որոշակի պրոցես էր ընթա­նում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար­ների և արտգործնախարարների մակար­դակով, բայց այս կիսապաշտոնական բա­նակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին: Ընդհակառա­կը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կար­գավորման բովանդակային հարցերի շուրջ: Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամ­բիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե´ Ադրբեջանի, թե´ Արցախի և թե´ Հայաստանի ժողովուրդների համար, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել ԼՂ հարցի խա­ղաղ լուծմանը, բայց ՀՀ վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից: Բաքուն շարու­նակեց պնդել իր առավելապաշտական մո­տեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկ­ները և հայտարարելով, թե իրենք առավե­լագույնը կարող են ԼՂ-ին ինքնավարության կարգավիճակ տալ Ադրբեջանի սահմաննե­րի շրջանակում: Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատ­րաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն