Վարչապետի հետ այցելել էինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան․ ԿԳՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ պրոռեկտորների, մի շարք աշխատակիցների հետ Վարչապետը ներկա գտնվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից լուծումներով «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացմանը: Կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը: Համակարգը բուհերի շարքում առաջինը ներդրվել է Պոլիտեխնիկում՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ:
Վարչապետը եղավ բուհի մի շարք լաբորատորիաներում։ Նախ այցելեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, շրջեց Ռոբոտաշինության, Հեռահաղորդակցման, Ներկառուցվող համակարգերի, Ճշգրիտ չափումների, Տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներով: ՀԱՃԼ աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը Վարչապետին ներկայացրեց արդի լաբորատոր սարքավորումները ռոբոտաշինության, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում: Նշվեց, որ լաբորատորիաների հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը: ՀԱՃԼ-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով: