Դավիթ Սանասարյանի կնոջ կոշտ արձագանքը` Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվելուց եւ վերջինիս աղմկահարույց հայտարարությունից հետո, թե իր դեմ գործը «շինծու» է, իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հակադարձումներ են հնչում, որ, այսպես կոչված, նոր Հայաստանում չեն կարող գործ սարքել», Սանասարյանի «պաշտպաններին» անուղղակի կոչով հանդես եկավ նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «ախպերական» մտածողությունն ավելի հին արմատներ ունի Հայաստանում, քան՝ օլիգարխիան եւ կրիմինալը։ Նա ասաց, որ Դավիթն իր ընկերն էլ է, բայց «թողեք նորմալ քննություն ընթանա»։
Այսօր ԱԺ փոխխոսնակ, «Իմ Քայլից» Ալեն Սիմոնյանը եւս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս թեմային, հատկապես, խոսելով Դավիթ Սանասարյանի ու իր պաշտպան Իննեսա Պետրոսյանի հայտարարության մասին, որ գործը շինծու է, սարքած է, Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել եւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար»:
Ուշագրավ է, որ Ֆեյսբուքում ամուսնու մասին հրապարակումներին ակտիվ արձագանքում է Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, նա Ալեն Սիմոնյանի դեպքում անգամ անցել է անձնական վիրավորանքի՝ գրելով․ «Տրամաբանությունից պիտի խոսա այն անհատը, ում մոտ գոնե տրամաբանության նշույլներ կան դու, ցավոք սրտի, հեռու էս թե՛ իրականությունից, և՛ թե տրամաբանությունից»։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է,- «Անմեղության կանխավարկած
Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե ...»: