Թուրքիայում բարկացած են Մակրոնի՝ Հայոց ցեղասպանությանը մասին հրամանագրից
Չուշացավ պաշտոնական Անկարայի արձագանքը: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում անդրադարձել է Մակրոնի հրամանագրին՝ գրելով.
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումների ակնհայտ խախտում է», ապա հավելել. «Նախ և առաջ թող իրենց մութ պատմությանը նայեն: Ռուանդայի ցեղասպանությունից անցել է արդեն մեկ քառորդ դար»:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։
Հիշեցնենք՝ հրամանում ասվում է, որ 1915թ.-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ամեն տարի այս օրը Փարիզում անցկացնել արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ Այս որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը։