ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մաքսատանը Հայաստան վերադարձած ընտանիքից գումար են պահանջել, ապա փչացրել իրերը
Պարզվում է Նորագավիթի մաքսատանը միայն դրոշը չէ, որ կեղտոտ անկյունում դրված է եղել։ Կառույցում կան բազմաթիվ խնդիրներ։ Ավելին աշխատակիցներից շատերը մարդկանց ուղեբեռերն են առանց թույլտվության ստուգում։ Այս մասին Irakanum .am-ին հայտնել են վերջերս Բելգիայից Հայաստան վերադարձած Գրիգորյանները։ Վերջիններս լրատվականին տրամադրել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց անձնական իրերը մաքսատանը ուղղակի փչացրել են։ «Լուսանկարներում մեր ընտանիքին պատկանող անձնական իրերն են, երեխաների խաղալիքները, իսկ հագուստի մեծ մասը օգտագործված է։ Այս ամենը մաքսազերծելու համար համար Նորագավիթի կետում մեզանից պահանջում էին 1 կգ-ի համար 4 եվրոյին համարժեգ դրամ։ Մեր ընտանիքին պատկանող իրերը եղել են մեքենայի մեջ, եւ մաքսազերծման կետի աշխատողներն իրեն հայեցողությամբ ուղղակի լցրել են գետնին այսպիսի կույտերով»,- պատմել են Գրիգորյանները։ Լրատվամիջոցը հայտնում է, որ ընտանիքը վերջին տասը տարիներին ապրել է Բելգիայում։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունները հույս էին արթնացրել Գրիգորյանների մոտ, ովքեր երկար ճանապարհ էին կտրել (Հայաստան են վերադարձել մեքենայով)։ Երկու անչափահաս երեխաները ծնվել են Բելգիայում։ «Երբ հարցրեցինք, թե որ օրենքի համաձայն է օգտագործված իրերի համար այսքան գումար պահանջվում, մեզ մաքսատան աշխատողներն ասացին՝ գնացեք ձեր Նիկոլ Փաշինյանին հարցրեք: Մեզանից շուրջ 3000 եվրո էին պահանջում, որ մեր իրերը տային մեզ »,-ասել են նրանք։ Գրիգորյաններին զարմացրել է տեղի ունեցածը։ Նրանք այս պահին զրկված են անգամ իրենց օգտագործված հագուստից, քանի, որ չունեն ոչ միայն գումար վճարելու եւ մաքսատնից հանելու, այլ նաեւ մաքսատանն ուղղակի այն փչացել է։ Ներկայացնում ենք նաեւ լուսանկարներ։ Նշենք, որ իրերը եղել են արկղերով, որոնք ինչպես արդեն նշեցինք քանդվել եւ ներկա տեսքն են ստացել մաքսատան աշխատակիցերի շնորհիվ։

Քաղաքականություն

Պատահարներ