Վանևանի բնակիչը հացադուլ է հայտարարել և վրա խփել գյուղապետարանի դիմաց. News am
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է անում, պահանջելով՝ 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց համայնքի ավագանու անդամ Գոհար Գալստյանը: Նա նշել է, որ համայնքում տասն ամիս առաջ եղել է գյուղապետի ընտրություն, և վերընտրվել է Նորայր Հարությունյանը։ «Հիմա էս մարդը տասը ամսվա ընթացքում մի անգամ ավագանու նիստ չի արել, մի հատ երդման արարողություն է արել ու վերջ: Կուսակցությամբ՝ քամելեոն է. որ ժամանակ ինչ կուսակցություն եղավ իշխանության՝ դրանից է»,- ասաց Գոհար Գալստյանը: Ըստ ավագանու անդամի՝ գյուղի ջրագծի խողովակները գյուղապետը հանել, տարել է, յուրացրել է գյուղտեխնիկան, աշխատում է առանց համայնքի զարգացման ծրագրի, համայնքի արտադրական տարածքներն ամբողջությամբ գաղտնի աճուրդով վաճառել է, այդ ճանապարհով սնանկացրել է գյուղացիներին, դրա համար էլ համայնքի բնակիչը դիմել է հացադուլի տարբերակին. «Ապացույցներ էլ կան, հիմքեր էլ կան, փաստաթղթերով ամեն ինչ կա: Որտեղ դիմել ենք՝ պատասխան չի եղել, վերջում դիմեցինք մարզպետարան՝ լռվեց, մնաց: Էլ չգիտենք՝ որտեղ բողոքենք, հիմա էլ էս մարդը գնացել է ծայրահեղության: Գյուղապետն էլ ասում է՝ մեռնում ես մեռի, պետքս էլ չես»,- պատմեց նա:

Քաղաքականություն