Արթուր Վանեցյանը ներողություն կխնդրի՞ Սեդրակ Քոչարյանից․ մանրամասներ
«Ներողություն խնդրելու պահանջ չի եղել։ Այս պահին չեմ կարող ասել դատարանի որոշման հետ համաձայն եմ, թե ոչ, եթե տեսնեն իրավաբանները, որ դատարանի որոշումը չեն կարող բողոքարկել, իհարկե պետք է ընդունենք այս որոշումը եւ ենթարկվենք այդ որոշմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ներողություն կխնդրեն Սեդրակ Քոչարյանից։
Վանեցյանը հավելեց նաև, որ եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը․ «Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները եւ ժամկետի մեջ եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն իհարկե օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: