Մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցողը չենք. Փաշինյան
Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Համանախագահների և արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ ասվել է, որ հանդիպումը անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Այդ տեքստի շուրջ բոլորս էլ համաձայնել ենք։ Կարելի է այդպես մեկնաբանել, որ քանի դեռ հարցը չի կարգավորել, բանակցություններն արդյունավետ չեն»,– ասաց նա։
Անդրադառնալով ԱՄՆ–ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքների» մասին հայտարարությանը Ադրբեջանի արձագանքին, թե Հայաստանը ձգտում է պատերազմի, Նիկոլ փաշինյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական և առավել ևս ապակառուցողական բան չկա։
«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք։ Բնականաբար, եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, որևէ մեկը մտածում է, թե Հայաստանը հանձնվելո՞ւ է։ Մենք թիվ 1 ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ բանակցային եղանակով։ Մենք ասել ենք, որ մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ խաղաղության օրակարգը առաջ քաշենք, բայց եթե մենք անընդհատ խաղաղության օրակարգից խոսում ենք, թող ոչ մեկ տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք»,– ասաց վարչապետը։
Տեսանյութըՙ News. am-ի: