ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կատարվել է Դուշման Վարդանի երազանքը
Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով այսօր՝ ապրիլի 6-ին, Մայր Հայաստանից ժամանած մի խումբ անհատների եւ «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ տնկվել են եղրեւանիներ. այն նվիրած է Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) վաղեմի երազանքի իրականացմանը, հաղորդում է «Արցախպրեսը»: Միջոցառմանը մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, Դուշման Վարդանի մայրը՝ Զարիկ Ստեփանյանը, քույրը՝ Արմինեն, հարազտներ, ընկերներ, կամավորներ: Կայքի թղթակցի հետ զրույցում Զարիկ Ստեփանյանն ասել է, որ 1988 թվականին Վարդանն ուսումը թողել է կիսատ եւ մեկնել Արցախ: Նա երազել է, որ ինքն առաջինն է մտնելու ազատագրված Շուշի եւ Լաչինով տուն է վերադառնալու: «Որպես ռազմագետ՝ որդիս 1988 թվականին եկել է Արցախ եւ կազմավորել ջոկատներ: Նա մասնակցել է Արցախի բոլոր տարածքների ազատագրմանը: Աշոտ Բեկորի հետ ազատագրված Շուշի մտնող առաջիններից մեկը Վարդանն էր: Կատարվել է որդուս առաջին երազանքը: Նա ասում էր, ով տիրում է Շուշիին, նա տիրում է ողջ Արցախին: Շուշիից վերադառնալով տուն՝ նա փաթաթվել է ինձ ու ասել. «Մա՛մ, 100 տարի պիտի ապրես, քեզ հուղարկավորելու եմ Շուշիում»,- ու շարունակել,- «Ստեփանակերտ-Շուշիի մայրուղու ողջ երկայնքով եղրեւանու ծառեր եմ տնկելու»: Նա պաշտում էր Շուշին: Ցավոք սրտի, որդուս երազանքը կիսատ մնաց, բայց մենք փորձեցինք այն իրականություն դարձնել»,-մասնավորապես ավելացրել է Զարիկ մայրիկը: Խոսելով եղրեւանիների տնկման նախաձեռնության մասին՝ նա ասել է, որ սկսած 2016 թվականից, սոցցանցերում իրենք հայտարարություն են տարածել, որի նպատակն է՝ իրականացնել Դուշման Վարդանի երազանքը: Շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն անընդհատ հետաձգվել է: «Այսօր իմ տղաներն ու աղջիկները կատարում են իմ որդու երազանքը: Ես համարում եմ, որ Արցախը որդիս է: Մենք աշխարհին պիտի ապացուցենք, որ յուրաքանչյուր հայ Արցախն իրենն է համարում: Թո՛ղ հայոց արգանդը լինի բեղուն՝ նոր Վարդաններ ծնվեն, եւ թո՛ղ հավերժ այս եղրեւանիներն իրենց բույրը տարածեն ամենուր»,-ընդգծել է Զարիկ մայրիկը: Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, վերհիշելով եղբոր խոսքերը, ասել է. «Եթե արցախցին չպաշտպանի իր հողը, աշխարհն էլ կանգնի չի կարող պաշտպանել»: «Մենք Արցախ չենք գալիս ուղղակի այն տեսնելու, այլ գալիս ենք՝ հանդիպելու Վարդանին: Այսօրը մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ այսօր մենք իրականացրել ենք եղբորս՝ Վարդանի երազանքը: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի կոչեցին այս նախաձեռնությունը»,-նշել է քույրը: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ, տեղեկանալով նման նախաձեռնության մասին, ինքը միանգամից պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Դուշման Վարդանի երազանքի իրականացմանը: Ս. Հովսեփյանի կարծիքով՝ նախաձեռնությանը միացել են այն մարդիկ, ովքեր գնահատում եւ կարեւորում են ազգային արժեքները, հերոս հայորդիների հայրենանվեր արարքներն ու սխրանքները:

Քաղաքականություն