Միջնորդություն է ներկայացվել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վելերի Օսիպյանին
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նրա վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո նոր քննչական գործողություններ և դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: «Առաջինը միջնորդել ենք վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ գտնում ենք, որ անհիմն է: Նման որոշում չկայացնելու դեպքում միջնորդել ենք հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին, որովհետև բոլոր տեսանյութերում երևում է, որ նրանք առանցքային դերերում են եղել»,- լրատվականին ասել է Տիգրան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: 2018-ի ապրիլին Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրա շրջանակներում քաղաքացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անհնազանդության գործողություններ էին իրականացնում, փակում փողոցները: Ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսված էր Հայաստանի վարչապետի ընտրությունը: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում՝ դեպի Ազգային ժողով տանող հատվածներում փշալարեր էին անցկացված: Այդ օրը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ ոստիկանների և ցուցարարներիւ միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, որից մեծաթիվ քաղաքացիներ վնասվածքներ ստացան: Միջադեպի ժամանակ վնասվածք ստացավ նաև այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այժմ ԱԺ փոխնապագահ Ալեն Սիմոնյանը,ով գործով տուժողի կարգավիճակ ունի: Վնասվեց նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքը, սակայն նրա վնասվածքը պայթուցիկ նյութերի հետևանք չէր, այլ առաջացել էր փշալարին դիպչելու հետևանքով: Ապրիլի 22-ին Արցախի փողոցում ևս բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, և այս ժամանակ ևս ձայնային նռնակներ են կիրառվել ոստիկանների կողմից: Այդ օրը, հիշեցնենք, այն ժամանակ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել: Վերը նշված բոլոր գործողություններին ներկա է եղել այն ժամանակ Երևանի փոխոստիկանի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը:

Քաղաքականություն