ՆԱՏՕ-ն Երևանից զգուշացրեց Ադրբեջանին. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ շաբաթի շրջանակում Հայաստան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին հետաքրքրում է խաղաղությունը կովկասյան ռեգիոնում, եւ ՆԱՏՕ-ն բոլոր կողմերին հայտնում է, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
Երեւանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը փաստացի նախազգուշացում է Ադրբեջանին, որը Երեւանում ՆԱՏՕ շաբաթվան զուգահեռ անցկացնում է խոշորագույն զորավարժություն, ընդ որում՝ առանց դրա մասին պատշաճ միջազգային իրազեկման: Կովկասի խաղաղության եւ կայունության հեռանկարով ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը անկասկած պայմանավորված է ոչ թե մարդասիրական եւ խաղաղասիրական իդեալներով, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ միայն խաղաղասիրական իդեալներով եւ մարդասիրությամբ, այլ նաեւ գործնական քաղաքականության միանգամայն ռացիոնալ հանգամանքներով:
Կովկասի խաղաղության վտանգումը բերելու է ամբողջ միջազգային անվտանգության համակարգի խեղման՝ նկատի ունենալով այն, որ Կովկասը գործնականում ոչ միայն Մերձավոր Արեւելք չէ եւ ավելի մոտ, ուղղակի սահմանակից է Եվրաատլանտյան տիրույթին, այլ դե ֆակտո այդ տիրույթի մաս է իր քաղաքական կազմությամբ եւ բաղադրությամբ, թեեւ աշխարհագրորեն դուրս է Կովկասից:
Պատերազմը Կովկասում նշանակում է պատերազմ Եվրոպայում, ընդ որում՝ պատերազմ, որտեղ անմիջական ներկայացվածություն ունեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Ընդ որում, այդ պատերազմը կամ շարունակվելու է Եվրամիության սահմանին անվերջանալի նոր քաոսով, կամ էլ, մեծ հաշվով, ավարտվելու է Թուրքիայի հաղթանակով:
Ու թեեւ Անկարան ՆԱՏՕ անդամ է, սակայն դա լինելու է հաղթանակ նաեւ ՆԱՏՕ-ի նկատմամբ, հենց ՆԱՏՕ անդամությունը հաշվի առնելով: Կովկասում պատերազմն այդ իմաստով ծուղակ է լինելու ՆԱՏՕ-ի համար, եւ Եվրաատլանտյան հանրությունն իր արդեն էլ ավելի անմիջական քթի տակ ունենալու է Ռուսաստանին հաղթած Թուրքիա, որը դե ֆակտո տնօրինելու է մինչեւ Հեռավոր Արեւելք ու Չինաստան տնտեսա-քաղաքական տարածությունը:
Խոշոր հաշվով, հենց այդ հեռանկարները «ինստիտուցիոնալ» կերպով կանխելու համար է նաեւ ՆԱՏՕ-ն մի կողմից գործակցում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ, մյուս կողմից՝ ձեւավորում իր ենթակառուցվածքային հենակետերը Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանում:
Այդ իմաստով, ի դեմս ՆԱՏՕ-ի, Հայաստանն ունի Կովկասի խաղաղության հուսալի դաշնակից, որը, անշուշտ, խաղաղության աներկբա երաշխավոր լինել չի կարող, առնվազն քանի դեռ հագեցած չէ ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում, սակայն կարեւորագույն գործընկեր է քաղաքական կանխարգելման տրամաբանության տեսանկյունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: