«Ինչպե՞ս հայը կարող է նման բառեր արտասանել».Սոլովյովն անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի հետ կապված սկանդալին
Հայտնի ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт» ռադիոհաղորդման շրջանակում անդրադարձել է երգահան Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հայտարարությանը, թե «ղարաբաղցիներն ադրբեջանցիներ են, քանի որ մեծացել են ադրբեջանական մթնոլորտում»:
«Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս հայը կարող է նման բառեր արտասանել»,-վրդովվել է Սոլովյովը:
Թերթ am-ից տեղեկանում ենք, որ միևնույն ժամանակ նա նկատել է, որ մարդկանց մեծ մասը քննադատել է Հախվերդյանին ու նրա տեսակետի հետ համակարծիք հաղորդավար Համլետ Ղուշչյանին, ինչը նշանակում է, որ «նորմալ հայերի համար բացարձակապես կապ չունի՝ ծնունդով որտեղից են իրենց հայրենակիցները»:
Սոլովյովի համար մտահոգիչ է այն փաստը, որ «Հայաստանում արդեն սկսել են այդպես արտահայտվել այն մարդկանց մասին, որոնք ստրկության փոխարեն նախընտրել են մահը, դիմացել են սարսափելի փորձություններին, կրակահերթերին, երբ «Գրադն» ավերում էր խաղաղ քաղաք Ստեփանակերտը»:
«Սով, ահավոր տանջանքներ. ինչպե՞ս կարելի է դա մոռանալ, ինչպե՞ս կարելի է ազատ ապրելու իրենց իրավունքի համար կռված մարդկանց այսպես դավաճանել: Եվ հետո բացատրությունը՝ «ոչ, մենք խոսում էինք միայն նրանց վերնախավի մասին»: Ի՞նչ վերնախավ՝ այն մարդկանց մասին, որոնք այդ պատերազմի հրամանատարնե՞րն են եղել: Ինչպե՞ս կարելի է սեփական պատմությունը դավաճանել: Ո՞ր հայն է դավաճանում իր պատմությունը: Ինձ համար մեկ է՝ ձեզ մոտ ինչ քաղաքական իրավիճակ է և ում եք դուք ատում, ինչու և ինչպես, բայց մի՞թե կարելի է բազմաչարչար ժողովրդի պատմությունն այսպես դավաճանել: Ախր սա ամբողջովին ուկրաինական սցենար է: Սրանք ձեզ համար միանգամայն օտար տեխնոլոգիաներ են»,-ասել է Սոլովյովը:
Հաղորդավարը միևնույն ժամանակ հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարեբախտաբար, բազմիցս հայտարարել է, որ ինքը ռուսամետ է և որ Ռուսաստանը բարեկամ երկիր է:
Այս համատեքստում նա նաև դիմել է հայ հասարակությանը. «Դուք, ինչ է, չե՞ք տեսնում՝ ինչ են փորձում ձեզ հետ անել:
Բարեբախտաբար, ձեր հիմքը դեռ առողջ է ու կարող եք դիմակայել դրան, բայց նայեք Ուկրաինային. դա շատ տխուր է: Լսեք, հայերն աշխարհում այդքան էլ շատ չեն և առավել քիչ են հենց Հայաստանում: Իսկ հիմա նրանք սկսելու են իրար հե՞տ ինչ-որ հարցեր լուծել»:
Հեռուստահաղորդավարին նաև ապշեցրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպը, երբ նրան փորձել էին նետել աղբամանը:
«Շատ լավ է, որ այդ մարդկանց դեմ արդեն քրեական գործ է հարուցվել և որ վարչապետ Փաշինյանն արձագանքել է և դատապարտել ուժի կիրառման փորձերը: Բայց չեմ հասկանում՝ ինչպե՞ս է այդպիսի բան հնարավոր»,-ասել է նա:
Սոլովյովին դուր է եկել այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմն արձագանքել է իր հայտարարությանը նրա վերաբերյալ, որ իր ընկերոջը՝ խոշոր գործարար Սեյրան Կարապետյանին, թույլ չեն տալիս Հայաստանում բիզնես նախագիծ իրականացնել՝ այն պատճառով, որ նա ծագումով ղարաբաղցի է:
Հեռուստահաղորդավարը ցանկություն է հայտնել ազատ ժամանակ գտնել, Հայաստան այցելել ու հնարավորության դեպքում հանդիպել երկրի ղեկավարության հետ, հասկանալ՝ ինչ է կատարվում այնտեղ:
«Ես շատ եմ անհանգստանում: Չի կարելի ներհայկական թշնամանքի առաջացում թույլ տալ»,-Հայաստանի վերաբերյալ անդրադարձը եզրափակել է Սոլովյովը: