ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հայ արտագնա աշխատողներին ներառել են փողերի լվացման սխեմայում.Hetq.am
Լիտվական բանկից արտահոսած փաստաթղթերի վերջերս կատարված ուսումնասիրությունը բացահայտել է փողերի լվացման մեխանիզմ։ Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակները օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։
Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 9 մլդ դոլարի փողերի լվացման մեջ:
«Հետք» լրատվականը մանրամասներ է հայտնում դեպքի վերաբերյալ:
Լրատվականի հրապարակումից տեղեկանում ենք, որ «Հետք»-ը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) 20 գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել են 8,8 միլիարդ դոլար արժողությամբ մի ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։
Ընդհանուր արտահոսքը
1,3 միլիոն բանկային փոխանցումներ
238 հազար ընկերություններ և անձինք
470 միլիարդ եվրո – փոխանցումների ընդհանուր գումարը
Ցանցից փոխանցումները Հայաստան
764 փոխանցում դեպի հայաստանյան բանկեր
112 մլն եվրո և 148 մլն դոլար – փոխանցումների ընդհանուր գումարը
150 անձանց և ընկերությունների
Ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։
Այս ցանցը ոչ միայն հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի հարուստներին և ազդեցիկներին՝ իրենց ունեցվածքը թաքցնելու և հարկերից խուսափելու, այլ նաև միջոց է հանդիսացել, որ այդ փողերի իրական սեփականատերերը ձեռք բերեն սեփականաշնորհված էներգետիկ ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Ինտեռ ՌԱՕ»-ն։
Բարերար Ռուբեն Վարդանյանն ու հայ միգրանտները
Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը, որի լիազորված անձը Արտակ Գևորգյանն է։
Երբ լրատվականը Գևորգյանին հետաքրքրվել է պայմանագրի մասին, վերջինս նշել է․ «Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ այնքանով, որքանով դուք »։
Հետք- ի տվյալներով՝ Արտակ Գևորգյանը Սիսիանից է, 15 տարուց ավել է՝ որպես արտագնա աշխատող ապրում է Մոսկվայում։
Լրատվամիջոցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Գևորգյանն ասել է, որ ինքը որևէ վարկային պայմանագիր չի ստորագրել։ Երբ հեռախոսով նրան են ուղարկել փաստաթղթերի տակ դրված իր ստորագրությունը, ասել է, որ այն նման է, բայց իր ստորագրությունը չէ։
Լրատվականը հոդվածում հավելում է.
«Երբ համեմատեցինք Արտակ Գևորգյանի ստորագրությունը կրող մի քանի տարբեր պայմանագրեր, ակնառու դարձավ, որ Գևորգյանի բոլոր ստորագրությունները կրկնօրինակված են մեկից։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը կեղծել է նրա ստորագրությունը, այնուհետև ստեղծել այդ ստորագրության դրոշմանիշը, որի մեկ հարվածով էլ վավերացրել է տասնյակ կեղծ պայմանագրեր։
Ստորև ծանոթացեք պայմանական ընտրված 5 փաստաթղթերի տակ տարբեր ժամանակահատվածներում դրված Գևորգյանի ստորագրություններին․ դրանք միմյանցից որևէ կերպ չեն տարբերվում։ Տարբեր օրերի և տարբեր անգամներ ստորագրելիս՝ մարդը չի կարող պահպանել գծերի նման համաչափություն։ Բացի այդ՝ Գևորգյանի ազգանվան մի տառը մի շարք պայմանագրերում բաց է թողնված, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը որպես փոխանցման հիմք ընդունող բանկը՝ «Յուկիոն», նույնիսկ չի նույնականացրել ստորագրողին։
Մոտ 50 մլն դոլարի գործարքներ է իրականացրել վանաձորցի Արմեն Ուստյանը։ Մենք մեկնում ենք Ուստյանի՝ Վանաձորում գտնվող բնակարան, ակնկալիքով, որ հանդիպելու ենք մի հաջողակ գործարարի։
1988թ-ի երկրաշարժից տուժածների համար կառուցված Տարոն-4 թաղամասում գտնվող նրանց տանը ցուրտ էր, ինքը՝ Արմենը, զինվորական բաճկոնով։ Ակնհայտ էր, որ Ուստյանը գործարար չէ, նա ընդամենը Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներից է։ Տասը տարուց ավել է, ինչ ամեն գարուն մեկնում է Մոսկվա, ուշ աշնանը՝ վերադառնում տուն։
Արմեն Ուստյանը որևէ կերպ չէր կարողանում բացատրել, թե ինչպես է իր անձնագրի պատճենը և ստորագրությունը հայտնվել «Յուկիո» բանկում, որի անունն առաջին անգամ էր լսում»։
Առավել մանրամասնՙ սկզբնաղբյուր կայքում: