Հասարակություն

Ճամբարի գործով քննություն է ընթանում․ նախարարությունը մանրամասներ է հայտնել

Ճամբարի գործով քննություն է ընթանում․ նախարարությունը մանրամասներ է հայտնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արաքսյա Սվաջյանը հայտնել է, որ ճամբարում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են տեխնիկական առաջադրանքի պահանջներից շեղումներ, ինչի հետևանքով որոշում է կայացվել երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ։


«Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա էին որոշ շեղումներ գնման գործընթացի տեխնիկական առաջադրանքով սահմանված պահանջներից։ Այդ պատճառով նույն օրը որոշում կայացվեց երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ, և տեղափոխությունն իրականացվեց»,– ասել է Սվաջյանը։


Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է իրականացվում ինչպես նախարարությունում, այնպես էլ կառավարության աշխատակազմում։


Սվաջյանը նաև ընդգծել է, որ տվյալ կազմակերպությանը պետական ֆինանսավորում դեռ չէր փոխանցվել։


«Կազմակերպությունը հաղթել էր գնման մրցույթում, պայմանագիրն արդեն կնքվել էր, սակայն ծառայությունների մատուցման ակտը դեռ չէր ստորագրվել, հետևաբար որևէ ֆինանսավորում չէր իրականացվել»,– նշել է նա։


Նրա խոսքով՝ այժմ հաշվարկներ են կատարվում այն ճամբարների հետ, որոնք ընդունել են տեղափոխված երեխաներին, և ֆինանսավորումը կտրամադրվի արդեն այդ կազմակերպություններին։


Սվաջյանի տեղեկացմամբ՝ ամառային ճամբարների այս տարվա ծրագիրն ավարտվել է հուլիսի 8-ին։ Երկու հերթափոխով շուրջ 20 օրվա ընթացքում ծրագրից օգտվել է մոտ 3200 երեխա։ Մրցույթում հաղթել էր հինգ ճամբար, որոնցից միայն մեկի դեպքում են խնդիրներ արձանագրվել, իսկ մնացած չորսում երեխաներն իրենց հանգիստն անցկացրել են առանց խոչընդոտների։


Նա նաև հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվում է 1994 թվականից, իսկ դրա շրջանակում հիմնականում մասնակցում են խորհրդային տարիներից գործող, ներկայում մասնավորեցված ճամբարները։


«Տարեցտարի փորձում ենք բարելավել ծրագիրը, և այս տարվա ծառայողական քննության արդյունքները ևս հնարավորություն կտան ավելի հստակ արձանագրել առկա խնդիրները և կատարել անհրաժեշտ բարելավումներ»,– եզրափակել է Սվաջյանը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում հանգստացող շուրջ 250 երեխաներ պահվել են ոչ բավարար պայմաններում՝ առանց բավարար սննդի, տաք ջրի, հիգիենիկ պարագաների և պատշաճ կահավորված սենյակների։ Դրանից հետո երեխաները տեղափոխվել էին այլ ճամբարներ, իսկ կառավարության որոշմամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ 



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250